Մատչելիության հղումներ

«Ինչո՞ւ իշխանություններին կարելի է, ընդդիմությանը՝ ոչ». բանավեճ հավաքներին մարդ տանելու շուրջ

Լրացված

«Ինչո՞ւ ձեզ կարելի է, ձեր դեպքում խախտում չկա, բայց ընդդիմախոսների դեպքում ոչ միայն խախտում կա, այլ նաև իրավապահները շտապում են հանցագործություն որակել ու մարդկանց կալանքի տանել». երեկվանից իշխող ուժի հասցեին այս մեղադրանքներն են հնչում «Հետք»-ի հրապարակումից հետո:

«Ստացվում է, որ հանրահավաքների մարդկանց բերելու համար օգտագործվել են վարչական ռեսուրսներ, իշխանությունը, որը խիստ քննադատում է ցույցներին վարչական ռեսուրս օգտագործելու դեպքերը, ինքն է դա արել», - նշում է «Հետք»-ի լրագրող Արմեն Ղազարյանը:

«Հետք»-ը երեկ հրապարակեց 2023-ի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան փակ խմբում վարչապետ Փաշինյանի գրառումներից մեկը: «Հետք»-ի լրագրողին ևս ավելացրել էին այս փակ խմբում, ապա հեռացրել:

Վարչապետը հորդորում էր մասնակցել հաջորդ օրը մայրաքաղաքում կայանալիք «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքին, ապահովել մարդաշատությունը:

«Հարգելի գործընկերներ, հույս ունեմ՝ բոլորս հասկանում ենք Երևանի առաջիկա ընտրությունների հատուկ կարևորությունը: Այս առումով խնդրում եմ բոլոր ջանքերը գործադրել վաղը ժամը 18-ից Էրեբունի թանգարանի հարակից հրապարակից նախատեսված մեր երթի բազմամարդությունն ու էներգետիկան ապահովելու համար: Երթից հետո տեղի է ունենալու հանրահավաք, որը նույնքան կարևոր է: Յուրաքանչյուրդ խնդրում եմ ներգրավեք ձեր ընտանիքների անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին: Վարչական ռեսուրսի կիրառումը բացառել», - նշել է վարչապետը:

Կուսակցական փակ խմբում արված այս գրառման տակ, ինչպես բացահայտել են հետաքննող լրագրողները, վարչապետին արձագանքել են, օրինակ, Կոտայքի փոխմարզպետը, որ խոստացել էր 25-30 հոգի բերել, Գավառի ավագանու ՔՊ-ական անդամը և այլոք:

Արդյոք սա առնվազն վարչական ռեսուրսի չարաշահում չէ՞: «Հետք»-ի հրապարակման հեղինակ Արման Ղազարյանի կարծիքը միանշանակ է. «Ե՛վ արդեն կարգալույծ եղած Տեր Արամը, և՛ Տեր Աղանը, ով խոսում էր Նաթան սրբազանի հետ, իրենք ասում էին, որ «մեզ ասել են՝ կգնաք հավաքի», Փաշինյանն էլ ասել է՝ կգաք հանրահավաքի, հիմա կարող ենք ասել, որ դա եկեղեցի է, կուսակցություն չէ, բայց ինչպես Փաշինյանն է «Քաղաքացիական պայմանագրի» անդամների վերադասն, այնպես էլ կաթողիկոսը իր հոգևորականների վերադասն է»:

Ավելին՝ լրագրողն ընդգծում է, որ վարչապետի այդ խոսքն ուղղված չէր միայն շարքային քաղաքացուն, այլ նաև՝ լծակներ տիրապետող բարձրաստիճան պաշտոնյաներին. «Նույնիսկ եթե ինքը վերջում գրում է՝ վարչական ռեսուրսի օգտագործումը բացառել, բայց մինչև դա գրված ամեն ինչը ենթադրում է նաև վարչական ռեսուրսի կիրառում: Այսօր էլ արդեն Ազգային ժողովի նախագահն ասաց՝ իրենք կատարում են իրենց ղեկավարի բոլոր հրամանները»:

Իսկ նրանցից մեկը՝ ԱԺ նախագահն այսօր հաստատեց, որ չեն կարող հակադրվել վարչապետի խոսքին. «Այո, ինչ ասաց, պիտի անեմ, եթե այլ հարց է, որ պետք է քննարկվի, կքննարկեմ այդ հարցը, այսինքն, այդպես չպիտի՞ լինի»:

Ըստ փորձագետի՝ վարչապետի գրառումը վարչական ռեսուրս օգտագործելու վրա չի ազդել

Բայց Երևանի ավագանու ընտրության օրերին նույն դիտորդներն էին հայտարարել, որ իշխող ուժը քարոզարշավին իսկապես չարաշահել է վարչական ռեսուրսը, երբ հավաքներին աշխատանքային ժամերին մասնակցում էին համայնքային ու պետական աշխատողները, պաշտոնյաներ էին եկել նաև Լոռու մարզից, հիշում է դիտորդ, ընտրական փորձագետ Վարդինե Գրիգորյանը. «Մենք քրեական հանցագործության ապացույցներ չենք ունեցել, բայց ունեցել ենք փաստ, որ աշխատանքային ժամին այդ մարդիկ իրենց աշխատանքային ժամին եկել են հավաքի»:

Բայց Վարդինե Գրիգորյանը երեկվանից պնդում է, որ վարչապետի գրառումը ՔՊ փակ խմբում վարչական ռեսուրս օգտագործելու վրա չի ազդել, թեև այն տեղի է ունեցել ամփոփիչ հավաքի նախօրեին: Ըստ նրա, ուղիղ կապ չկա ժամանակին իրենց բացահայտած խախտումների ու վարչապետի այդ գրառման միջև, քանի որ նույն գրառման մեջ Փաշինյանը խոսում է վարչական ռեսուրսը բացառելու մասին: Ստացվում է, ըստ իրավապաշտպանի, իշխող ուժը վարչական ռեսուրս կիրառել է, բայց դա չի եղել վարչապետի գրառման ազդեցության ուղիղ հետևանք:

«Ոչ մի ձև սրան բացի զուտ կուսակցական քարոզչական միջոցառմանը սեփական կուսակիցն երի խրախուսել մասնակցելը չենք կարող ասել», - ասաց Գրիգորյանը:

Ռուբեն Մելիքյանը Փաշինյանի գրառումը համեմատում է եկեղեցուն առնչվող գործի հետ

Եվ մինչ ընտրական փորձագետը պնդում է, թե Փաշինյանի այս գրառումը հեռու է նաև ընտրական հանցագործություն բնորոշումից, ընդդիմադիրների փաստաբան Ռուբեն Մելիքյանը Փաշինյանի գրառումը համեմատում է եկեղեցուն առնչվող գործի հետ ու պնդում՝ Փաշինյանը վնասով է դուրս գալիս:

«Մենք գործ ունենք նույնական երևույթի հետ, նույնիսկ այստեղ շատ ավելի ընդգծված երևույթի հետ: Ո՞րն է տարբերությունը, ի վնաս Նիկոլ Փաշինյանի, օրինակ, առաջին դեմքով է, ոչ թե ինչ-որ երրորդ անձ ներկայացնում է իր և վեհափառի զրույցը: Երկրորդ՝ խոսքը վերաբերում է ավելի լայն շրջանակի՝ ոչ միայն ընտանիքի, այլև ընկերների: Երրորդ՝ եթե էնտեղ հարցնում է, ինչո՞ւ չեք գնում, ապա այստեղ հրահանգի ձևով է», - նշեց Մելիքյանը::

Իրավապահներն օրերս քրեական վարույթ հարուցեցին իշխանական լրատվամիջոցներում տարածված մի ձայնագրության հետքերով, որում ենթադրաբար նախկին հոգևորականը պատմում է, թե Ամենայն Հայոց կաթողիկոսը պարտադրել է ընդդիմության ցույցերին մասնակցել։

Փաստաբանի կարծիքով, եթե կաթողիկոսին առնչվող գործով վարույթ է հարուցվել, ապա նույնը պետք է լինի վարչապետի այս գրառման դեպքում. «Եթե ժամերի ընթացքում քրեական վարույթ նախաձեռնվեց, ապա նույնը պետք է այստեղ լիներ, եթե չկա նույնը, ապա մենք գործ ունենք ակնհայտից էլ ակնհայտ երկակի ստանդարտների հետ»:

Գլխավոր դատախազությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ վարչապետի գրառման վերաբերյալ վարույթ չկա: Հանցագործության մասին հաղորդում չի պատրաստվում տալ նաև այլ հոգևորականի հարցազրույցի փաստով հաղորդում ներկայացրած Դանիել Իոաննիսյանը, փոխանցեց՝ հանցակազմ չի տեսնում:




XS
SM
MD
LG