Մատչելիության հղումներ

Փոխնախարարը՝ ոչ բարձրակարգ ղազախական ցորենի մասին. «Կենդանին ուտում է, մեզ ինչ-որ բան չի՞ տալիս հետո»


Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը ժպիտով է արձագանքում ղազախական կողմի այն հայտարարությանը, որ Հայաստան ուղարկված հազար տոննա ցորենը, մեղմ ասած, բարձր որակի չէ՝ ընդամենը 4-րդ դասի, որը հիմնականում օգտագործվում է կենդանիների կերի արտադրության համար։

«Ցորենը ցորեն չի՞, կենդանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի՞ տալիս», - այսօր լրագրողներին ասաց նա:

«Փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ դասի պարենային ցորենից, որը կարող է օգտագործվել ինչպես ընդհանուր նշանակության ալյուրի, այնպես էլ կերախառնուրդների արտադրության համար», - ավելի վաղ հայտարարել էր
Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատորը:

Այս հաղորդագրությունից մի քանի օր առաջ հայկական կողմը մեծ շուքով ընդունեց Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան հասած ղազախական հազար տոննա ցորենը ու որակեց սա խաղաղության արտացոլումը գետնի վրա:

Ու այս ուրախության ֆոնին պաշտոնյաներն այդպես էլ չպարզաբանեցին՝ իսկ ի՞նչ ցորեն էր մտել Հայաստան: Համացանցում արված փոքր ուսումնասիրությունից տեղեկանում ենք 4-րդ կարգը ցածր որակի ցորեն է, պարունակում է քիչ սպիտակուց և գլյուտեն, այդ պատճառով հացի արտադրության մեջ գրեթե չի կիրառվում։ Այն օգտագործվում է կենդանիների կերի պատրաստման նպատակով, երբեմն՝ խառնուրդների մեջ, օրինակ՝ ալյուրի ցածր որակի տեսակներ ստանալու համար կամ տեխնիկական արտադրություններում՝ օղու, օսլայի կամ այլ ածխաջրային արտադրանքների արտադրության մեջ։ 4-րդ կարգի ցորենից կարելի է հաց թխել, բայց որակը շատ ցածր կլինի։

Էկոնոմիկայի նախարարությունում արդյո՞ք այս մասին տեղյակ չէին, փոխնախարարը զարմանում է՝ եթե անգամ տեղյակ էին, ինչո՞ւ պիտի ասեին. «Ինչ-որ մեկը կարգ է՞ ներկայացրել մինչև այդ, որտե՞ղ է գրված: Իհարկե, չի ներկայացված, ասել են՝ ցորեն է գալիս: Բայց խի՞ պետք է նշվեր»:

«Շատ չբողոքեք, եթե վաղը մատնաքաշն էլ էն համը չունենա»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեռ երեկ ղազախական կողմի լուրը կարդալուց հետո էր Ֆեյսբուքում գրել, թե «շատ չբողոքեք, եթե վաղը մատնաքաշն էլ էն համը չունենա»:

«Ճաշակին ընկեր չկա, որպես կանոն 4-րդ կարգի ցորենն օգտագործվում է կերի համար: Ես չգիտեմ՝ ցորենն օգտագործելու են պարենի, թե անասնակեր ստանալու համար: Սա է խնդիրը», - ասաց պատգամավորը:

Փոխնախարարն այսօր այդպես էլ չպարզաբանեց՝ ինչ նպատակով է կիրառվելու այդ 4-րդ տեսակի ոչ բարձրակարգ ղազախական ցորենը։ Ուղիղ չպատասխանեց նաև հարցին՝ մոլորեցում չէ՞ր արդյոք, երբ առանց ցորենի որակը նշելու հացի գնի հավանական իջեցման մասին հարցերին էին պատասխանում։

«Հնարավոր է, որ գնիջեցում լինի, հնարավոր են տարբեր բաներ: Հիմա ես զարմանում եմ...ասում եք՝ ինչո՞ւ չեն ասել 4-րդ կարգ, տենց, որովհետև ինչի՞ պետք է շեշտեն: Այդ հարցին պատասխանվել է, որ հարցի գնի մեջ տարբեր կոմպոնենտներ կան, և միայն ճանապարհը չէ, ուստի այս պահին դիվերսիֆիկացիան, ոչ թե կոնկրետ այս դեպքը, այլ դիվերսիֆիկացիան նայած, թե ինչ չափով կազդի հացի գնի վրա: Դա էլ է ասվել», - նշեց նա:

Ընդդիմադիր պատգամավոր Խաչատրյանն է հուշում՝ էլ ինչ պիտի ասվի, որ չի ասվում. օրինակ՝ ինչ «գին» ուներ այդ ցորենը. «Ադրբեջանն ստացավ միջանցքի խոստում, փաստորեն վերացվեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցը, որը «Ազատության աջակցության» ակտի 907-րդ հոդվածով էր նախատեսվում, հասավ նրան, որ լուծարվի Մինսկի խումբը, փոխարենն ասաց՝ «ես իմ տարածքով ընդամենը տրանզիտի հնարավորություն կտամ»: Ինքը Հայաստանի հետ որևէ սահման չի բացել, հետևաբար իշխանությունների պնդումները, թե ճեղքվել է մեր շրջափակումը, սին են»:

Կառավարության ներկայացուցիչ, փոխնախարար Զաքարյանը, սակայն, տարակուսում է՝ ինչի՞ համար է այս ամբողջ աղմուկը, երբ պետք է ուրախանալ, չէ՞ որ ճանապարհներ են բացվում. «Ընդհանրապես եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է: Հիմա թե այսօր անասնակեր է եկել, վաղն էլ բարձրակարգ ցորեն կգա, դա էլ արդեն կյանքը ցույց կտա»:

Տասնամյակների շրջափակումից հետո Ադրբեջանի տարածքով առաջինը ռուսական ցորենը մտավ Հայաստան: Այս մի խմբաքանակը բարձրակարգ ցորեն էր, այսօր վստահեցրեց էկոնոմիկայի փոխնախարարը։

XS
SM
MD
LG