Մատչելիության հղումներ

Ադրբեջանի տարածքով տեղափոխվող ցորենը շուտով Հայաստան կհասնի


Հայաստանի երկաթուղին, արխիվ
Հայաստանի երկաթուղին, արխիվ

Տասնամյակների շրջափակման պայմաններում Ադրբեջանի տարածքով տեղափոխվող բեռների առաջին խմբաքանակը շուտով Հայաստան կհասնի, հայտարարում է Երևանը: Ռուսական ցորենն արդեն անցել է Ադրբեջանի սահմանը, ճանապարհին է նաև ղազախականը: Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ 15 վագոններով շուրջ 1050 տոննա ռուսական հացահատիկ են բերում Հայաստան, գնացքը կբեռնաթափվի Երևանից մոտ 50 կիլոմետր հեռու գործող Դալարիկ կայարանում:

Ռուս-ադրբեջանական սահմանն անցնելուց հետո բեռները Հայաստան հասցնելու համար գնացքը նախ Բաքու կհասնի, ապա կշարժվի Թբիլիսիի ուղղությամբ, այնտեղից էլ կթեքվի հարավ ու Հայաստան կշարժվի: Ռուս-ադրբեջանական սահմանից Դալարիկ կայարան հասնելու համար գնացքն ընդհանուր առմամբ ավելի քան 1000 կիլոմետր կանցնի: Թեև իշխանությունները Հայաստանի ապաշրջափակման մասին են հայտարարում՝ երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային կապ չի հաստատվում, բեռները Հայաստան հասցնելու համար գնացքները մի մեծ կիսաշրջան կգործեն: Սովետական շրջանում Հայաստանի հյուսիսում գործում էր Իջևան-Ղազախ երկաթուղին, որն այս ճանապարհը զգալի կկրճատեր:

Իշխանություններն այժմ առաջին հերթին Ռուսաստանից դուրս եկած գնացքին են սպասում. հայտարարել են, որ մոտ օրերս կհասնի նաև ղազախական ցորենը, թե երբ, հայտնի չէ: Ռուս-ղազախական սահմանից երկաթուղային ճանապարհով Հայաստան բեռներ տեղափոխելու համար պետք է ավելի քան 2000 կիլոմետր ճանապարհ կտրել:

Այս պահին 15 վագոններով տեղափոխվող 1050 տոննա ռուսական ցորենը Հայաստանի համար շատ փոքր ծավալ է, անցած տարի Հայաստանը Ռուսաստանից 316 հազար տոննա ցորեն է ներկրել, այսինքն՝ 15 վագոններում գտնվող ցորենը մեկ օրվա համար էլ բավարար չէ : 2024-ին ներկրված ցորենի ընդհանուր արժեքը մոտ 61 միլիոն դոլար է կազմել, այսինքն՝ մեկ տոննան՝ 193 դոլար, կիլոգրամը՝ մոտ 75 դրամ:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում է՝ երկաթուղային ճանապարհով հացահատիկի ներկրումն ավելի էժան է ստացվում:

«Ես հուսով եմ, որ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով, որը տնտեսապես շատ նպատակահարմար է, ընդ որում՝ և՛ Ղազախստանից, և՛ Ռուսաստանից: Ե՛վ ղազախական ցորենի, և՛ ռուսական ցորենի ինքնարժեքը երկաթուղային ճանապարհով Հայաստան գալու պարագայում էապես իջնում է», - ասում է նախարարը:

Էժանացումներ, սակայն, առաջիկայում չարժե սպասել, նախարարի հայտարարությունը հիմնավորված չէ, ընդգծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Փոթի-Թբիլիսի-Երևան ճանապարհը կազմում է մոտավորապես 600-620 կմ, Բաքու-Թբիլիսի-Երևանը կազմում է մոտ 830 կմ, այսինքն՝ մոտ 30 տոկոս ավելի շատ: Այլ հավասար պայմաններում տրանսպորտային ծախսերը ավելի մեծ են լինելու Բաքվով այսպես տեղափոխելու պարագայում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պարսյանը:

Ռուսական ցորենի մեկ տոննան, տարբեր տվյալներով, այժմ 70 հազար դրամի է հասնում, ղազախական հացահատիկ կարելի է ձեռք բերել 65 հազարով: Այս դեպքում մեծ նշանակություն ունի ցորենի տեսակն ու որակը: Թե այս պահին Հայաստան տեղափոխվող ցորենն ինչ տեսակի է, պաշտոնյաները չեն մանրամասնել:

Երկաթուղային բեռնափոխադրումներն ավելի էժան են, քան մեքենաներով փոխադրումները, միանգամից հնարավոր է տասնապատիկ ավելի շատ ապրանք բերել, վառելիք խնայել: Այս դեպքում, սակայն, ներկրվող բեռների ինքնարժեքը մի շարք այլ գործոններով է պայմանավորված՝ ցորենի տեսակը, բեռնափոխադրման արժեքը, Կառավարությունը նաև չի պարզաբանել՝ տարանցման համար Ադրբեջանին վճարե՞լ է, թե՞ ոչ, և եթե այո՝ որքա՞ն: Գնացքով բեռներ տեղափոխելու համար պետք է վճարել «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերությանը: Ընկերության կայքում վիրտուալ հաշվիչ կա, որը հենց հիմա էլ ճանաչում է Հայաստանի երկաթուղային կայարանները, և բեռնափոխադրողները կարող են սեփական հաշվարկներն անել:

Այս հարցերն «Ազատություն»-ն ուղղել է Էկոնոմիկայի նախարարությանը, պատասխաններ առայժմ չի ստացել, նաև հետաքրքրվել է՝ ի՞նչ հաճախականությամբ են նախատեսում Ադրբեջանի տարածքով բեռներ ներկրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG