Դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքը չեղարկելու՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունից ժամեր անց Թբիլիսիում Հայաստանի վարչապետը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ Հայաստանի տարածքով տարանցում ապահովելու պատրաստակամություն հայտնեց: Փաշինյանը խոսում էր բեռնատարների անցման մասին, քանի որ երկաթուղին նորոգման կարիք ունի: Եթե ենթակառուցվածքներ լինեին, ասաց, Երևանը պատրաստ էր Հայաստանի տարածքով ապահովել նաև Նախջևանից դեպի Ադրբեջանի հիմնական մաս տարանցումը։
«Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության՝ հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա: Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա-Եղեգնաձոր- Սիսիան-Գորիս երթուղով», - հայտարարեց վարչապետը:
Ադրբեջանի նախագահը երեկ Աստանայում էր տարանցման արգելքը հանելու մասին խոսել, առաջին բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբաքանակը, որը, ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի, Ակտաուից Բաքու, այնտեղից երկաթգծով՝ Վրաստան, ապա Հայաստան կհասնի:
Թբիլիսիում անցկացվող նույն՝ «Մետաքսի ճանապարհ» համաժողովին մասնակցող Ադրբեջանի վարչապետն էլ ասաց, թե Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելով՝ Բաքուն նպաստել է տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնմանը։
Իշխանություն-ընդդիմություն բուռն բանավեճ ԱԺ-ում
Մինչ Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը տարանցման հնարավորություններից էին խոսում, Հայաստանի Ազգային ժողովում իշխանությունն ու ընդդիմությունը բուռն բանավիճում էին շատ կոնկրետ հարցի շուրջ՝ ավելի քան 30-ամյա շրջափակումից հետո ղազախական ցորենն Ադրբեջանի տարածքով ստանալը կարևո՞ր զարգացում է, թե՞ աննշան մի հարց:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեղափոխական որակեց տարանցման արգելքի չեղարկումը:
«Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագիրը ընդդիմությունը՝ և՛ «Հայաստան» խմբակցությունը, և՛ «Պատիվ ունեմ»-ը, և՛ իրենց հետ աֆիլիացված քաղաքական ուժերը, առ այդ պայմանավորվածությունը ուղղված գլխավոր քննադատությունը հետևյալն էր՝ սա միակողմանի զիջում է, Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, Հայաստանը ստանալու է ոչինչ։ Էս միակողմանի զիջելը ո՞նց է արտահայտվում, նենց, որ առաջինը դեպի Հայաստան կարողանում ենք Ղազախստանից ցորեն ներկրե՞լ, հա՞։ Դա միակողմանի զիջո՞ւմ է մեր կողմից։ Ընդ որում, խնդիրը միայն ցորենը չի է, կամ խնդիրը միայն Ղազախստանից բան ներկրելը չի։ Հարցն էն է, որ վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա», - ասաց Ռուբինյանը։
«Սա ներկայացնել որպես ապաշրջափակում՝ դա անամոթ կեղծիք է։ Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր տարածքով դեպի Հայաստան մտնող գոնե մի կածան ապաշրջափակելու ուղղությամբ, գոնե մի կածան», - պնդեց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը։
Խաչատրյանը հայտարարեց՝ իրենք ապաշրջափակմանը դեմ չեն, իրենց պահանջ բոլոր ճանապարհների միաժամանակյա բացումն է:
«Եթե մինչև էդ մեր համար կարան բաներ բացվեն, թող բացվեն, ի՞նչ խնդիր կա, վատ է՞, հա՞», - ընդգծեց Ռուբինյանը:
«Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ո՞վ է՝ Իլհամ Ալիևը՞, թե՞ Գևորգը Պապոյան: Լավ ինչի՞ պետք է Հայաստանից չիմանային», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեղամ Մանուկյանը:
Դաշնակցական պատգամավորը զայրացած էր. «Առաջին պահին տպավորություն էր, որ երկաթգծով գալու է, օրինակ, մտնի Իջևան։ Չէ, գալու է, հասնելու է էլի Վրաստան, Վրաստանով մտնելու է։ Էդ դիվերսիֆիկացիա որ ասում եք, դիվերսիֆիկացիայով ցորեն կարող էինք բերել Ուկրաինայից, Ռուսաստանից, էստեղից, էնտեղից, էնտեղից, բայց էլի գալու էր մտներ Վրաստան, Վրաստանով մտներ Հայաստան։ Այդ փոխադարձության արդյունքն է, ժողովուրդ ջան, արդեն տևական ժամանակ Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանն օգտագործում է, է հետո՞, 93 թվականին Թուրքիան է փակել»։
«Գեղամ Մանուկյանին բացատրեք, որ գոյություն ունեցող էս պահին երկաթգծով անհնար է բան ներկրել: Մեղրիի երկաթգիծն էլ քանդած է սաղ, ձեր իշխանության օրոք Մեղրիի երկաթգիծը սենց քանդել են մետալալոմ են հանել», - հակադարձեց Ռուբեն Ռուբինյանը:
Ընդդիմությունը պահանջում էր հրապարակել նաեւ՝ ինչքա՞ն ցորեն են Ղազախստանից գնում ու ի՞նչ գնով:
«Հազարավոր տոննաների մեջ կարող է՞ հանկարծ սենց մի բուռ մեկը լցնի գրպանը գա, ասի՝ «դե տեսեք», - հարցրեց Խաչատրյանը:
«Ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից», - արձագանքեց Ռուբինյանը:
Ըստ բաց աղբյուրների՝ ղազախական ցորենն անցած տարի իսկապես ավելի էժան է եղել ուկրաինականից, բայց Հայաստանը, ըստ պաշտոնական վիճակագրության, 2024-ին ո՛չ Ուկրաինայից, ո՛չ Ղազախստանից ցորեն չի գնել: Հայաստանի ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանն է: Ռուսական ցորենը, սակայն, դարձյալ անցած տարվա տվյալներով, թանկ է ղազախականից: