Մատչելիության հղումներ

Վարչապետը Ադրբեջանի տարածքով ցորենի ներմուծումը շատ մեծ և կարևոր իրադարձություն է համարում


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

«Շատ մեծ և կարևոր իրադարձություն է տեղի ունեցել». - Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ցորենի առաջին ներմուծումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ իրադարձություն է համարում:

Ռուսական հացահատիկով բեռնված 15 վագոնները դիմավորելու համար էկոնոմիկայի նախարարը գիշերը հասել էր Տավուշի Այրում կայարան: Այդ խմբաքանակը Հայաստանի մեկ օրվա պահանջարկն էլ չի ապահովում:

«Ըստ էության, կարող ենք ասել, որ այս երթուղին արդեն գործարկված է», - հայտարարեց Գևորգ Պապոյանը:

Երեքուկես տասնամյակների մեջ առաջին անգամ է հայկական բեռն անցել ադրբեջանական երկաթուղով ու հասել Հայաստան: Երկու շաբաթ առաջ Բաքուն հայտարարեց բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին: Եվս 15 վագոն ղազախական ցորենը նույն ճամփան է կտրում ու, ըստ պաշտոնյաների, երկու-երեք օրվա մեջ կհասնի Հայաստան:

Առաջիկա երեք ամիսներին՝ մինչև 2026-ի հունվարի վերջը, Ռուսաստանը ևս 132 վագոն ցորեն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղային նոր երթուղով, ըստ ТАСС-ի, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսական կողմն ուսումնասիրում է նաեւ այս երթուղով այլ բեռներ տեղափոխելու հնարավորությունը:

«Քանի որ իրավիճակը անսպասելի և դինամիկ զարգացումներ են ունենում, ամեն օր բան է փոխվում: Որովհետև ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, ընկալումն այն էր, բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին», - այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մինչ ռուսները կոնկրետ թվեր են հայտնում, Հայաստանի վարչապետը դժվարացավ հստակ տեղեկություն տալ պայմանավորվածությունների վերաբերյալ՝ ծավալներից սկսած՝ մինչև է՞լ ինչ է ծրագրվում Ադրբեջանի տարածքով տեղափոխել Հայաստան: Նաև՝ արդյոք հակառակ ուղղությամբ էլ հնարավոր կլինի կազմակերպել բեռների տարանցումը:

«Մինչև հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանց առաջ, ենթադրում եմ, որ գուցե թե էլի շարժակազմեր լինեն: Նկատի ունեմ՝ իրավիճակը անընդհատ փոխվում է, որովհետև նորանոր հայտեր են առաջանում: Հիմա պետք է նաևև գործնականում պարզվի, թե արդյոք հակառակ ուղղությամբ էլ ապրանքներ ինչպես են հոսելու, այսինքն՝ Հայաստանից Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, կամ Ղազախստան կամ այլ երկրներ: Հընթացս հանրությունը էդ տեղեկատվությունը կիմանա», - ասաց Փաշինյանը:

Արդյո՞ք Հայաստանը վճարել է Ադրբեջանին տարանցման համար ու ինչքա՞ն, ո՞ր ընկերությունն է ներկրումն իրականացրել, այս հարցերին էլ վարչապետը պատասխան չուներ: Նրա կաբինետի անդամ՝ էկոնոմիկայի նախարարը միայն ասել է՝ և՛ ռուսական, և՛ ղազախական ցորենը մասնավորն է ներմուծում:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե գիշերը Հայաստան մտած ցորենը գործարար Սամվել Ալեքսանյանն է ներկրել, չեն հերքվել:

««Մանրամասներին չեմ տիրապետում», - նշեց վարչապետը:

Պաշտոնյաները շեշտում են՝ սա օգոստոսյան պայմանավորվածությունների արդյունքն է: Վաշինգտոնում ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց բեռները Ադրբեջանից Հայաստան ուղիղ չեն մտնում՝ անցնում են Վրաստանի տարածքով: Արդյո՞ք սա քաղաքականից բացի տնտեսական էֆեկտ ունի: Օրինակ, հացի գինը կիջնի՞, Հանրայինի եթերում էկոնոմիկայի նախարարը հարցին կոնկրետ չպատասխանեց: Կարծիք հայտնեց, որ Ադրբեջանով անցնող երթուղին Լարսով բեռնատարներով ցորենի տեղափոխումից և՛ շահավետ է, և՛ անխափան: Բացի այդ, դիվերսիֆիկացիայի հարցը կարևորեց:

«Հացի գնի միայն մի մասն է, այսպես ասած, ցորենի ինքնարժեք, այնտեղ էլեկտրաէներգիա, տեղափոխում, լոգիստիկա, փոխարժեք, ևայլն: Բայց միանշանակ կարող ենք պնդել, որ այլ հավասար պայմաններում ինքնարժեքը կլինի, բնականաբար, շատ ավելի ցածր», - ասաց Պապոյանը:

Մինչ իշխանությունը ոչ միայն քաղաքական, այլև՝ տնտեսական արդյունքներից է խոսում, Ռուսաստանից կախվածությունը կրճատելուն կողմ տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ պնդել, որ այս նոր երթուղին կէժանացնի ցորենի գինը, տնտեսական հիմք չունի:

«Երկու տարբերակով էլ, ըստ էության, Վրաստանն է, և Ադրբեջանի դեպքում, ըստ էության, երկաթուղին 30 տոկոս ավելի երկար է», - «Ազատության» հետ զրույցում նշեց Պարսյանը:

Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրման տնտեսական արդյունավետությունը կավելանա, եթե, ըստ տնտեսագետի, աշխատի Իջևան-Ղազախ երկաթգիծը:

«Եթե չկա, օրինակի համար, ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն, որ երկաթուղու բեռնափոխադրման վճարը, ենթադրենք, 80 տոկոսով զեղչ են արել՝ այո, կարող է էդ դեպքում ձեռնտու լինել, բայց մնացած այլ հավասար պայմաններում քիչ հավանական է, որ այս տարբերակը տրանսպորտի ավելի էժան լինի, քան Վրաստանով եկող տարբերակը: Կիլոմետրի համար որքա՞ն տրանսպորտային ծախս ենք հատկացնում, և որքա՞ն, օրինակ, լաստանավի համար Սև ծովի համար», - ընդգծեց Սուրեն Պարսյանը:

Վերջին երկու շաբաթներին Նիկոլ Փաշինյանն արդեն չորս անգամ առաջարկել է կազմակերպել Հայաստանի տարածքով բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ: Երեկվա դրությամբ ո՛չ Անկարան, ո՛չ Բաքուն դեռ չէին արձագանքել, տեղեկացրել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG