Մատչելիության հղումներ

«Փողոցները լցված են դիերով»․ ավելի քան 1000 զոհ՝ Սիրիայում բախումների հետևանքով


Սիրիայում ավելի քան 1000 մարդ Է զոհվել նոր կառավարության ու անցած տարեվերջին տապալված Բաշար ալ Ասադի հավատարիմ ուժերի միջև անցած շաբաթավերջից սկիզբ առած բախումներում, հայտնում է Մեծ Բրիտանիայում գործող իրավապաշտպան կազմակերպությունը։ Զոհերի թվում, ըստ նույն աղբյուրի, 745 խաղաղ բնակիչ կա։ Նրանց գերակշռող մասը Ասադին աջակցող ալավիների համայնքից էին։

«Յոթ տարեկան տղայիս համար ուտելիք էի տաքացնում պատուհանի մոտ։ Հանկարծ բարձրահարկ շենքերից կրակոցներ արձակեցին։ Նրանք կրակեցին մեզ վրա։ Մի փամփուշտը դիպավ ձեռքիս, սկսեցի արյունահոսել»,- պատմում է Լաթաքիայի բնակիչը։

Քաղաքի շտապօգնության բաժանմունքի ղեկավարն էլ ասում է․ - «Հարձակումը տեղի է ունեցել հիվանդանոցի մոտակայքում գտնվող շենքերից: Դրանցից մի քանիսը կիսակառույց ու լքված շենքեր էին։ Երևում է, որ հարձակվողները մտել են դատարկ շենքեր և կրակ բացել հիվանդանոցի վրա»։

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան երեկ խաղաղության կոչ արեց, խոստացավ պատժել քաղաքացիական անձանց արյունահեղության մեղավորներին: Նա միաժամանակ ոչինչ չասաց իր անվտանգության ուժերի մասին, որոնք ըստ տեսանյութերի՝ կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ

«Մենք կանգնած ենք նոր վտանգի առջև․ նախկին ռեժիմի մնացորդներն ու նրանց հետևում կանգնած արտաքին ուժերը նոր հակամարտություն սադրելու ու մեր երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձեր են անում։ Մենք չենք հանդուրժի տապալված ռեժիմի մնացորդներին, ովքեր հանցագործություններ են կատարել մեր զինված ուժերի և պետական հաստատությունների դեմ։ Նրանք միայն մեկ ընտրություն ունեն՝ անհապաղ հանձնվել օրենքին», - նշել է նա։

Ասադի իշխանության տապալումից հետո, սա Սիրիայում ամենազանգվածային մահաբեր բախումներն են։

«Մենք երբեք նման բան չենք տեսել». - ալավիների սպանությունների ցնցող տեսարանների մասին BBC-ին պատմել են սիրիացիները։

Բանիաս քաղաքի՝ ալավիներով բնակեցված Հայ ալ Քուսուրի բնակիչներն ասում են՝ փողոցները լցված են դիերով: Ըստ ականատեսի՝ տեսել է իրենց տներում սպանված ընտանիքների, ինչպես նաև արնաշաղախ կանանց ու երեխաների: Որոշ ընտանիքներ փորձել են թաքնվել իրենց տների տանիքներին, սակայն չեն կարողացել փախչել։

Ալավիները Սիրիայի բնակչության մոտ 10 տոկոսն են կազմում։ Երկրի բնակիչների մեծ մասը սուննի մահմեդականներ են։ Տապալված նախագահ Բաշար ալ Ասադը նույնպես պատկանում է ալավիական կրոնական շարժմանը։

«Մենք ուզում ենք վերականգնել մեր երկիրը. Մենք արյունահեղություն չենք ուզում ոչ մեր կողմից, ոչ էլ՝ նրանց, քանի որ դա ոչինչ չի փոխի։ Կան մարդիկ, ովքեր շահում են պատերազմից և չեն ցանկանում, որ Սիրիան վերականգնվի։ Նրանք շահում են, մինչդեռ երկու կողմերի խաղաղ բնակիչները տուժում են: Բայց մենք խաղաղություն ենք ուզում, և ուզում ենք, որ մեր երկիրը վերականգնվի», - ասել է Լաթաքիայի բնակիչներից մեկը։

Այսօր Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե ռազմական գործողություններն ավարտվել են։ Գերատեսչության խոսնակը հաղորդել է, որ պետական հաստատությունները կարող են վերսկսել իրենց աշխատանքը, հավելելով, որ ծրագրեր ունեն շարունակել պայքարը նախկին իշխանությունների հավատարիմների դեմ և վերացնել ապագա սպառնալիքները։

ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը Սիրիայի իշխանություններին կոչ են արել պատասխանատվության ենթարկել «արմատական իսլամիստ ահաբեկիչներին»: Վաշինգտոնը միաժամանակ աջակցում է երկրի կրոնական և էթնիկ փոքրամասնություններին, ասված է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ:

Եվրամիությունն էլ ընդգծել է՝ քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի»:

Իսկ Սիրիայի նոր իշխանության թիվ մեկ դաշնակից Թուրքիան էլ կոչ է արել՝ «թույլ չտալ, որպեսզի նման սադրանքները վտանգեն խաղաղությունը»։

XS
SM
MD
LG