Միացյալ Նահանգները կոչ է արել Սիրիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել «արմատական իսլամիստ ահաբեկիչներին», որ մարդկանց են սպանում:
Վաշինգտոնը միաժամանակ աջակցում է երկրի կրոնական և էթնիկ փոքրամասնություններին, ասված է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով ղեկավարը ևս կոչ է արել Սիրիայի ժամանակավոր ղեկավարությանը միջամտել՝ ափամերձ շրջաններում զանգվածային սպանությունները կանխելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Մարտի 6-ին Լաթաքիա ծովափնյա նահանգում բախումներ են բռնկվել տապալված Բաշար Ասադի կողմնակիցների և Սիրիայի նոր՝ ապստամբների առաջնորդից ժամանակավոր նախագահ դարձած Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած անվտանգության ուժերի միջև։
Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը մարտի 8-ին հայտնեց, որ ըստ հաստատված տվյալների՝ վերջին օրերի բախումների հետևանքով ալավիական փոքրամասնության 340 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ սիրիական «անվտանգության ուժերի և դաշնակից խմբերի» իրականացրած «մահապատիժների» ժամանակ։ Ընդհանուր առմամբ 1000-ից ավելի մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու հայ:
Շարունակվող մարտերի պատճառով պարետային ժամ է սահմանվել Հոմսում, Լաթաքիայում և Տարտուսում։