Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ որևէ տեղեկատվություն չի հաղորդել անցած շաբաթվանից Լաթաքիայում ծավալվող արյունալի իրադարձությունների հետևանքով հայերի շրջանում կա՞ն արդյոք զոհեր ու վիրավորներ, արդյոք վտանգվա՞ծ են Սիրիայում ապրող հայերը. «Ազատության» հարցումներն առայժմ անպատասխան են։
Սիրիայում Հայաստանի դեսպանատնից էլ որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
Երկու օր առաջ, սակայն, Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը տեղեկացրեց, որ «Լաթաքիայի մուտքի մոտ, երկու հայ՝ հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսներն են կրակոցների զոհ դարձել»։
Տարիներ առաջ Լաթաքիայից Հայաստան տեղափոխված Հակոբ Ալթունյանը կապի մեջ է ընկերների բարեկամների հետ։ Պատմում են՝ Վախի մթնոլորտ է։ Լսել են արդեն, որ ավելի քան 1000 մարդ Է զոհվել, 700-ից ավելի խաղաղ բնակիչ Սիրիայի նոր կառավարիչների հետ կապված զինյալների, անվտանգության ուժերի և տապալված Բաշար Ասադին հավատարիմ ալավիների խմբի զինյալների միջև։
«Տնից դուրս չեն գալիս, վախենում են, վախենում են նաև հեռախոսով խոսել: Շատ դժվար է այնտեղի ժողովրդի համար, քրիստոնյաները վատ են», - ասաց Ալթունյանը:
Լաթաքիայում թաքնված ընկերներից արաբերեն ձայնագրություններ է ստանում, որտեղ պատմում են, թե ինչպես են պատսպարվում հարակից անտարներում։ Անվտանգության նկառումներով անուններ չենք նշում. - «Հարձակվել են, տանկերով մտել են գյուղերը, կրակում են։ Այս պահին մեր գյուղում են, մինչև այդ լսել էինք, որ կողքի գյուղում 233 հոգու սպանել են։ Մեր գյուղում են, մենք էլ անտառի մեջ ենք, չգիտենք՝ ինչ անել։ Լսել ենք, որ տներ են վառել, չգիտենք՝ ով է ողջ, ով՝ մեռած։ Հեռախոսիս մեջ լիցքավորումը քիչ է, այլևս խոսել չեմ կարող»։
Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին երեկ չեղարկել էր կիրակնօրյա պատարագը։
Լաթաքիա քաղաքից 59 կմ հյուսիս գտնվող Քեսաբում էլ զգուշավոր են, բայց փորձում են խուճապի չմատնվել։
Հայաստանում բնակվող Դալիդա Քահեջյանը երեկ էր զրուցել Քեսաբում բնակվող դստեր հետ. - «Լույս չունի, դպրոցները, եկեղեցիները փակ են, բայց երեկ առավոտ եկեղեցում պատարագ եղել է, ընդհանուր առմամբ դպրոցը փակ է այսօր էլ, քանի օր է՝ փակ են արդեն դպրոցները: Իրենք մտածում են դուրս գալու մասին, բայց իրենց պասպորտները ներկայում պատրաստ չեն: Երկու ամսի առաջ իջան Հալեպ իրենց հայկական պասպորտները նորոգելու: Սիրիական պասպորտների ժամկետներն էլ լրացել են: Հիմա իրենց համար խնդիր է, քանի պասպորտները պատրաստ չեն»:
Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ տապալվեց Բաշար ալ Ասադի վարչակարգը, նոր իշխանությունը վստահեցնում էր, թե ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները կպաշտպանվեն։ Ալավիների հետ տեղի ունեցածից հետո այժմ հայ համայնքում շատ զգուշավոր են։