Մատչելիության հղումներ

«Անմխիթար լուսանկա՞ր», թե՞ «կարևոր շփում նոր վարչակազմի հետ». վերլուծաբանների հակադիր կարծիքները Փաշինյանի՝ «ճանաչողական» հանդիպման մասին


Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, 7-ը փետրվարի, 2025թ., ԱՄՆ
Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, 7-ը փետրվարի, 2025թ., ԱՄՆ

«Լավ խոսակցություն ունեցանք». Փաշինյան

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի կառավարությունը՝ սահմանափակվելով մեկ նախադասությամբ`«քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»։

Պաշտոնական կարճ հաղորդագրությանը կցվել է նաև ԱՄՆ փոխնախագահի ու Հայաստանի վարչապետի համատեղ լուսանկարը։

Ի դեպ, Ջեյ Դի Վենսի գրասենյակն առայժմ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ որևէ հիշատակում չի արել։ Փոխարենը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրեց. «Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Լավ խոսակցություն ունեցանք»։

«Անմխիթար լուսանկար, անգամ անձեռոցիկը սեղանից չեն ֆայմել հեռացնել». մեկնաբան

«Ինքնին այն տեղեկատվական փաթեթը, որով մատուցվում է այդ հանդիպումը, թողնում է անմխիթար տպավորություն՝ սկսած լուսանկարից, որը, թող կոշտ չհնչի բառը, բայց բավական փնթի լուսանկար է, հատկապես եթե խոսում ենք միջպետական հարաբերությունների տրամաբանությամբ հանդիպման մասին, մինչև հաղորդագրության բովանդակությունը, նույնիսկ արարողակարգային ողջույնի խոսքեր արտացոլված չեն դրանում, որոնք թույլ կտային ինչ-որ ուղենիշներ նշմարել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Դատելով ԱՄՆ փոխնախագահի ու վարչապետի լուսանկարից, ինչպես նաև կարճ հաղորդագրությունից՝ քաղաքական մեկնաբանը նշում է, որ դժվար է խոսել այդ հանդիպման արդյունավետության մասին կամ եզրահանգումներ անել կարևոր և բովանդակային քննարկման վերաբերյալ։

Վերլուծաբանը հատկանշական է համարում, որ փետրվարի 3-ից 7-ն աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի վարչապետը միայն վերջին օրն է հանդիպել ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցչի հետ։ Անցած 4 օրերի ընթացքում Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպել է հանրապետական և դեմոկրատ սենատորների ու կոնգրեսականների մի խմբի հետ, եղել մի քանի վերլուծական կենտրոններում։ Բադալյանի համոզմամբ՝ սրանք ևս կարևոր են, բայց միջպետական հարաբերությունների առանցքային ցուցիչը, բնականաբար, գործադիր իշխանության հետ հարաբերությունների մակարդակն է։

«Մենք այստեղ տեսնում ենք ընդամենը վերջին օրը, կարծես թե վերջին պահին հաջողված հանդիպում փոխնախագահ Վենսի հետ, որտեղ որևէ միջապետական հարաբերության անտուրաժ գոյություն չունի, անգամ Հայաստանի Հանրապետության դրոշ չկա, շատ անմխիթար լուսանկար աշխատանքային սեղանին, որտեղ անգամ անձեռոցիկը, որ դրված է սեղանին, որևէ մեկը չի ֆայմել հեռացնել։ Այս ամեն ինչն իսկապես բավականին հարցեր է առաջացնում թե՛ հանդիպման, թե՛ դրա արդյունավետության վերաբերյալ», - հավելեց Հակոբ Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանը նշում է՝ Հայաստանի վարչապետի ԱՄՆ կատարած այցը և փոխնախագահ Վենսի հետ հանդիպման դրվագը ցույց են տալիս, թե ԱՄՆ նոր վարչակազմի հետ ինչ ահռելի տնային աշխատանք ունի կատարելու պաշտոնական Երևանը, եթե իսկապես ցանկություն և մտադրություն կա հարաբերությունները տեղափոխելու գործնական և բովանդակային դաշտ։

Արեգ Քոչինյանը հանդիպման փաստը կարևորում է

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը, մինչդեռ, կարևոր է համարում այն փաստը, որ ԱՄՆ-ը նոր վարչակազմի ներկայացուցիչը՝ ի դեմս փոխնախագահ Վենսի, ընդունել է Փաշինյանին, այն էլ Վաշինգոտոնի համար անցումային դժվարին փուլում:

«Իհարկե, շատ հաճելի կլիներ, եթե արարողակարգը պահպանված լիներ, և այդ ամեն ինչը լիներ, բայց այս պահին, ես կարծում եմ, ավելի կարևոր է բովանդակությունը, իսկ բովանդակությունն այն է, որ տարածաշրջանում առաջին գործող ղեկավարը, որն ընդունելության է արժանանում Սպիտակ տան նոր ադմինիստրացիայի կողմից, Հայաստանի ղեկավարն է», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց նա:

«Մինչ խորը, անցումային տրամադրություններ կան Վաշինգտոնում, բավականին խառն է իրավիճակը, անձամբ եթե ինչ հարցնեք, ես կարծում եմ՝ սա լավագույն ժամանակը չէր Վաշինգտոն այցելություն կազմակերպելու համար, բայց անգամ այս իրավիճակում փաստացի հանդիպում տեղի է ունեցել փոխնախագահի հետ: Իհարկե, փոխնախագահի ինստիտուտն էականորեն սահմանափակ է գործադիրում իր ազդեցության և նշանակության մեջ, բայց դա չի նշանակում, օրինակ, խորհրդապահության կամ քաղականության մշակման մեջ սահմանափակ», - շարունակեց Արեգ Քոչինյանը:

Վերջինս ընդգծեց՝ վարչապետն ԱՄՆ էր մեկնել Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցելու նպատակով, և դրան զուգահեռ է տեղի ունեցել Նահանգների փոխնախագահի հետ հանդիպումը, ինչը չի նշանակում, որ ապագայում չեն լինի արդեն պաշտոնական հանդիպումներ թե՛ փոխնախագահ Վենսի և թե՛ ԱՄՆ նախագահի հետ։ Ամեն դեպքում վերլուծաբանն ԱՄՆ նոր վարչակազմի հետ առաջին շփումները դրական և կարևոր է համարում:

«Եթե մենք այս ամեն ինչին վերաբերվում ենք հենց այն բառապաշարով, որը գրված է եղել վարչապետի համապատասխան հայտարարության մեջ՝ «ճանաչողական այց», կարծում եմ՝ բավականին լավ արդյունք է, բավականին կարևոր արդյունք է», - նշեց նա:

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան կարճ տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից՝ վերնագրելով «տունդարձ»։

XS
SM
MD
LG