Մատչելիության հղումներ

Եթե պարտությունը հնարավորություն է, ինչո՞ւ են պետությունները ձգտում հաղթանակի. ընդդիմությունը՝ վարչապետին


Վարչապետը հանդիպում է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, 3-ը փետրվարի, 2025թ.
Վարչապետը հանդիպում է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, 3-ը փետրվարի, 2025թ.

Ծափեր Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության ներսում, բողոքի ակցիա՝ շենքից դուրս՝ «Ժողովրդավարությունը շեղվել է իր ուղուց», «Փախստականները մոռացված են», «Արցախը դավաճանվել է» գրությամբ պաստառներով: Իսկ ամերիկահայերի հետ հանդիպմանը վարչապետի արած մի քանի հայտարարություններ հայտնվել են հայաստանյան ընդդիմության քննադատության թիրախում։

Եթե պարտությունը հնարավորություն է, պետություններն ինչո՞ւ են ձգտում հաղթանակի ու ոչ թե պարտության, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներից մեկին, հարց է հնչեցնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան

«Հարց է առաջանում՝ ինքն ինչպե՞ս է նպաստել այդ պարտությանը», - ասաց նա:

Վարչապետը կառավարության հրապարակած տեսանյութում ասում էր՝ պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։

Ըստ Փաշինյանի՝ հիմա պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունն օգտագործելու վրա. - «Ես չէի ուզի նաև, որ այս վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակները, իրենց զոհողությունը ոչնչի մասին է եղել: Այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել, և մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունն օգտագործելու վրա»:

«Եթե պրիզման այն է, որ Փաշինյանը կարծում է, որ պարտությունով ձեռք է բերվել ինքնիշխանություն, ուրեմն խոստովանում է, որ ինքը Արցախը դիտարկել է որպես բեռ, որը խանգարել է իր պատկերացրած ինքնիշխանությանը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը, - «Եթե մենք սկսենք մեկնաբանել՝ պարտությունը հնարավորություն է, թե՝ ոչ, պետք է նայենք՝ աշխարհում ուրիշ ի՞նչ պետություն կա, որ եթե պարտությունը հնարավորություն է պետությունների համար, ինչո՞ւ պետությունները չեն ձգտում պարտության, ձգտում են հաղթանակի և դրա վրա են կառուցում իրենց պետականությունները»:

Ենթակայությո՞ւն, թե՞ ինքնիշխանություն, ընդդիմությունից հարց է հնչում՝ ի՞նչ է Փաշինյանի իշխանությունը բերել Հայաստանին. - «Ինքնիշխանությունից կարո՞ղ է արդյոք խոսել այն ղեկավարը, ում օրոք տարածքներ են օկուպացվում, սահմանները չեն կարողանում պաշտպանվել, և ում ժամանակ մի քանի ամիս առաջ Ալիևն ասում է, որ Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ունենա և դրա ուղղությամբ աշխատանքները սկսի, և մի քանի ամիս հետո ինքը կրկնում է այդ հայտարարությունը և Հայաստանում սկսում է այդ գործընթացը: Արդյոք այդ ինքնիշխանությունն իր դեպքում ենթակայություն չէ՞, ու ենթակայություն Թուրքիային, Ադրբեջանին, որոնց բոլոր պահանջները, որոնք եղել են բանակցային սեղանին 30 տարի շարունակ, մենք հերթով տեսնում ենք հայ իրականության մեջ կատարված»:

Նիկոլ Փաշինյանն արտաքին միջամտության մասին դեսպատանը ու "Save Armenia"-ի կողմից կազմակերպված ընդունելությանը երկու տարբեր հայտարարություն է արել. մեկ ասել է՝ Հայաստանի հարատևությունն ապահովելու համար մեր տարածաշրջանում պետք է կարողանանք ապրել առանց արտաքին օգնության ու միջամտության, սա հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: "Save Armenia"-ի միջոցառմանը ԱՄՆ-ի կողմից Հայաստանին աջակցելու մասին է խոսել:

«Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր», - նշել է վարչապետը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան

Խորհրդարանի ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն «Ազատության» եթերում վարչապետին կոչ է արել իրերն իրենց անունով կոչել:

«Պարոն Փաշինյան, անկեղծ եղեք, մի ասեք՝ տարածաշրջան և այլն, ասեք՝ ես ուզում եմ Ռուսաստանին հեռացնել Հարավային Կովկասից, այ էդ բանավեճի շուրջ արդեն սկսենք բանավիճել», - ասաց Մամիջանյանը:

Վարչապետի ամերիկյան աշխատանքային այցը, որի շրջանակներում Հայաստանի ղեկավարը մասնակցելու է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, կավարտվի փետրվարի 7-ին: Իր ասուլիսում Փաշինյանն ասել էր, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ:

XS
SM
MD
LG