Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում խաղաղությունն ԱՄՆ վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ կարևոր. Փաշինյան


Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից կլիներ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Վաշինգտոնում «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը:

Ընդունելությանը, կառավարության հաղորդմամբ, մասնակցել են «Save Armenia»-ի համահիմնադիր Ռոբերտ Նիկոլսոնը, մի շարք դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

«Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, որովհետև իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երևանն այժմ կենտրոնացած է խաղաղության օրակարգի վրա, որովհետև համոզված է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում միայն կայուն խաղաղության առկայությունն է, որ կարող է երաշխավորել «պատշաճ միջավայր ժողովրդավարության համար, մարդկանց իրավունքների պաշտպանության համար և Հայաստանի զարգացման համար», շեշտել է նա։

ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի երդմնակալությունից ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրեցին Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրությունը։ Այն Երևանի ու Վաշինգտոնի միջև նախատեսում է համագործակցության մի քանի ոլորտներ, ընդգծվում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը:

Փաշինյանն ավելի վաղ հանդիպել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այնտեղ հայտարարել, որ ՀՀ-ի հարատևության համար պետք է ստեղծել մի իրավիճակ, երբ տարածաշրջանում հնարավոր լինի ապրել առանց արտաքին միջամտության:

ԱՄՆ մայրաքաղաքում Հայաստանի դեսպանատան առջև ամերիկահայ երիտասարդները վարչապետին դիմավորել են «Ժողովրդավարությունը շեղվել է իր ուղուց», «Փախստականները մոռացված են», «Արցախին դավաճանել են» գրությամբ պաստառներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG