Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի հետ. դեսպանատան առջև երիտասարդները պաստառներով են դիմավորել


Վարչապետը հանդիպում է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, 3-ը փետրվարի, 2025թ.
Վարչապետը հանդիպում է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, 3-ը փետրվարի, 2025թ.

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում են կառավարությունից:

Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում և երկրի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, ընդգծելով, որ ՀՀ-ի գործառույթային նպատակն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը:

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ի հարատևության համար պետք է ստեղծել մի իրավիճակ, երբ տարածաշրջանում հնարավոր լինի ապրել առանց արտաքին միջամտության:

«Մենք խնդիր պետք է դնենք մեր տարածաշրջանում ունենալ ապրելու հնարավորություն առանց արտաքին օգնության ու միջամտության», - շեշտել է նա:

Վարչապետը կարճ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության մասին իր նախորդ հայտարարությանը շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանը, թե դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։

«Այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք՝ ի վերջո կայի՞ն ուժեր, որոնց առանցքային գործիքը մեզ կառավարելու հետևյալն է՝ անհնար դարձնել մեր ինքնուրույն ապրելը մեր միջավայրում, որպեսզի մենք լինենք ավելի կառավարելի», - ամերիկահայերի հետ հանդիպմանը նշել է նա:

Իր ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր՝ ինքը չի ուրանում Հայոց ցեղասպանությունը։

ԱՄՆ մայրաքաղաքում Հայաստանի դեսպանատան առջև ամերիկահայ երիտասարդները վարչապետին դիմավորել են «Ժողովրդավարությունը շեղվել է իր ուղուց», «Փախստականները մոռացված են», «Արցախին դավաճանել են» գրությամբ պաստառներով:

ՀՀ ղեկավարը հանդիպում է ունեցել նաև Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ:

Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG