Մատչելիության հղումներ

Համակարգային վեթինգ Հայաստանում լինելու է, վստահեցնում է Ռուստամ Բադասյանը


Ընտրություններում ստանալով իշխող քաղաքական թիմի ակնկալած «պողպատե» մանդատը՝ համակարգային վեթինգ կիրականացնեն, վստահեցնում է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով քաղհասարակության քննադատությանը, թե հեղափոխությունից հետո տապալել են այդ գործնթացը:

Բադասյանի հավաստմամբ՝ արել են հնարավորը գործող օրենսդրության սահմաններում: «Մենք վեթինգը արել ենք, արել ենք այն վեթինգը, որը որ թույլ է տալիս անել Սահմանադրությունը, և ավելի համակարգային վեթինգ նախընտրական ծրագրով նախատեսված է, և, կարծում եմ, առաջիկայում այդ աշխատանքները նոր ձևավորված կառավարությունը կկատարի: Դա ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, նախընտրական ծրագրում գրված է՝ կոնկրետ ինչ ուղղություններով, և միանշանակ է, որ համակարգային վեթինգ Հայաստանի Հանրապետությունում լինելու է», - Գյումրիում «Ազատության» հետ զրույցում ասաց Բադասյանը:

Ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրած հանրահավաքում ապօրինի գույք ունեցողներին առաջարկեց վերադարձնել թալանածը: «Ազատություն»-ը Բադասյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք արձագանքողներ եղել են:

«Կարծում եմ՝ դատախազությունը պետք է այդ հարցին պատասխանի, և շատ քիչ ժամանակ է անցել: Ամեն դեպքում, նշեմ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով հստակ նախատեսված է մինչև դատարան գնալը և դատարանում հաշտության համաձայնություն կնքելու տարբերակը, և ես հույս ունեմ, որ, այո, այն անձինք, որոնք գիտակցում են և շատ լավ են գիտակցում, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, ըստ էության, կգնան համերաշխության մթնոլորտում համագործակցության պետության հետ», - հարցին պատասխանեց արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքը գործում է: Բադասյանն ասաց, որ կա նախաքննական գաղտնիք, չմանրամասնելով՝ հայտնեց, որ երկու տասնյակ գործեր արդեն կան:

«Այո, կան գործեր, շուրջ երկու տասնյակ գործեր, իմ տեղեկություններով, գտնվում են ամփոփման փուլում: Կան արդեն որոշ դատական ակտեր՝ միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովումներին, այսինքն՝ երբ որ արգելանք է դրվում գույքի վրա: Իմ տեղեկություններով՝ բավական մեծ չափի գույքերի մասին է խոսքը», - հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատարը՝ շարունակելով. - «Եվ այս գործիքը, այո, միանշանակ այն գործիքներից է, որը մենք անցած տարիների ընթացքում ներդրել ենք, ձևավորել ենք ստորաբաժանում, ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերել, չենք փորձել ուղղակի գույքը ամեն գնով վերադարձնել, այլ փորձել ենք այնպիսի մարմիններ ստեղծել, այնպիսի օրենսդրական բազա ստեղծել, որ վերջնական արդյունքում որևէ կասկած չհարուցի, որ մենք չենք միջամտում սեփականության իրավունքին, այլ պետական բյուջե է վերադառնում այն, ինչը պետք լիներ պետական բյուջեում»:

Ռուստամ Բադասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված չէր: Կշարունակի՞ պաշտոնավարել արդարադատության նախարարի պաշտոնում թե՞՝ ոչ. - «Քիչ մնաց, կարծում եմ, նոր կառավարության ձևավորմանը, կտեսնենք», - ասաց նախարարի պաշտոնակատարը:

XS
SM
MD
LG