Միացյալ Նահանգների վերջին 20 տարվա ամենախոշոր ավիաաղետի պատճառները դեռ հետաքննվում են։ «Սև արկղերն» արդեն դուրս են բերվել Պոտոմակ գետից, ուր ընկել էին իրար բախված ուղևորատար օդանավն ու զինվորական ուղղաթիռը։
67 մարդու մահվան պատճառ դարձած աղետի պատճառների մասին նախնական զեկույցը Նահանգների Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը կհրապարակի 30 օրվա ընթացքում:
Մինչ այդ նախագահ Թրամփն արդեն խոսում է պատճառների մասին. «Միայն ամենաբարձր ընդունակություններով մարդիկ, որ ունեն բարձր ինտելեկտ ու հոգեբանորեն պինդ են, կարող էին հավակնել ավիադիսպետչերի գործի համար»։
Թրամփի կարծիքով՝ նախկինների՝ Օբամայի ու Բայդենի գործողությունները կարող էին աղետի պատճառ լինել իրենց ներառականության, բազմազանության քաղաքականությամբ: Այսինքն՝ փոքրամասնության ու խոցելի խմբերին առաջ մղելով՝ այնքան են իջեցրել պահանջներն ավիացիոն ոլորտում, որ դա, ըստ Թրամփի, կարող էր աղետի բերել։
«Ես անվտանգությունն եմ առաջին տեղում դնում։ Օբաման, Բայդենը և դեմոկրատները առաջին տեղում դնում են քաղաքականությունը, և նրանք այդ քաղաքականությունը մի մակարդակի հասցրին, որ ոչ ոք երբևէ չէր տեսել, ամենացածր մակարդակի։ Նրանց քաղաքականությունը սարսափելի էր, նրանց քաղաքականությունը վատթարագույնն էր», - ասել է նա։
Լրագրողներից մեկը փորձել է ճշտել՝ «պարոն նախագահն ինչի՞ց է եզրակացնում, որ նախորդների բազմազանության քաղաքականությունն այս աղետի հետ կապ ունի»։
«Որովհետև ես առողջ բանականություն ունեմ, լա՞վ։ Ցավոք, շատերը դա չունեն․․․ մենք ուզում ենք, որ այս գործով զբաղվեն փայլուն մարդիկ», - արձագանքել է նա:
Թրամփն աղետի պատասխանատուներից է համարել տրանսպորտի նախկին նախարարին՝ Փիթ Բութիջիջին, անվանել հենց «աղետ»։ Վերջինս արձագանքել է X-ում:
«Խայտառակություն է», - գրել է նա, - «Ընտանիքները սգում են, իսկ Թրամփը ստում է, մեզ համար անվտանգությունն առաջին տեղում էր»։
Ի՞նչ է, այնուամենայնիվ, տեղի ունեցել, օդանավի ու ուղղաթիռի բախման պատճառը հարցական է նաև ոլորտի փորձագետների համար։
«Ռազմական օդանավերը կարող են օրվա բոլոր ժամերին վարժանքներ անել, կարող են ելումուտ անել քաղաքացիական օդանավակայաններ։ Ամբողջ երկրում օդանավակայաններ ունենք, որոնք թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական են։ Այսինքն՝ ուղղաթիռն այդտեղ կարող էր լինել։ Բայց իմ գլխավոր հարցը՝ ռազմական ուղղաթիռի օդաչուն ինչ էր մտածում։ «Ամերիկյան ավիաուղիների» օդանավը թռիչքուղուն է մոտենում, այսինքն՝ բոլոր լույսերը, վայրէջքի լուսարձակները միացված են։ Պարզկա գիշեր է։ Ինչպե՞ս կարող էին օդանավը չտեսնել»,- ասել է նախկին օդաչու, փորձագետ Դանիել Բաբը:
Ամերիկյան մամուլում ենթադրություններ կան, որ բախման պահին ոչ թե երկու, այլ մեկ ավիադիսպետչեր է կարգավորելիս եղել թռիչքուղուն մոտենալ պատրաստվող օդանավերն ու ուղղաթիռը։ Օդաչուները նաև պատմում են՝ Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանը վայրէջքի համար բարդ է, թռիչքուղին ընդարձակ չէ, քանի որ մոտակայքում գտնվող Սպիտակ տունն ու Պենտագոնն արգելված օդային տարածքներ ունեն։
Աղետի հետևանքով մահացածների՝ 67 հոգու անուն-ազգանունները դեռ հրապարակված չեն, հայտնի է, որ այդ օդանավում են եղել երիտասարդ գեղասահորդներ՝ իրենց մարզիչների, ծնողների հետ։ Նրանք վերադառնում էին մարզումներից։
«Ամեն անգամ այստեղ ես հետևում էի մեր գեղասահորդների աճին։ Երեխաներն այստեղ իսկապես շատ էին աշխատում։ Նրանց ծնողները նույնպես շատ ջանք էին գործադրում։ Ես ցավակցում եմ մարզիկներին, գեղասահորդներին, նրանց ընտանիքներին։ Բոլորին, որ այդ օդանավում էին։ Այնքան ողբերգական դեպք է», - ասել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Նենսի Քերիգան:
Օդանավում նաև ռուս գեղասահորդներ են եղել՝ Ռուսաստանի հավաքականից Ալեքսանդր Կիրսանովը, Խորհրդային Միության բրոնզե մեդալակիր Ինա Վոլյանսկայան, որ մարզումներից էր վերադառնում իր աշակերտների հետ, Վադիմ Նաումով ու Եվգենիա Շիշկովա զույգն էլ իրենց 16-ամյա գեղասահորդ աշակերտների հետ էին։ Օդանավում նաև 16-ամյա Կորի Հեյնոսն էր՝ ամերիկյան գեղասահքի ծագող աստղ էին համարում նրան։