Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանատունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ավիավթարից հետո աջակցության համար


Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի ընտանիքներին: Դիվանագիտական կառույցը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին ռուս զոհերի աճյունները հայրենիք տեղափոխելու առաջարկի համար։

«Ափսոսանքով Սպիտակ տնից տեղեկացանք, որ ինքնաթիռում Ռուսաստանի քաղաքացիներ են եղել», - ասվում է դեսպանատան Տելեգրամում արված գրառման մեջ, - «Մենք շնորհակալ ենք ամերիկյան իշխանություններին, որոնց հետ մշտական կապ ենք պահպանում, զոհվածների ընտանիքներին ցավակցելու, աջակցության խոսքերի և աճյունները հայրենիք տեղափոխելու հարցում օգնելու պատրաստակամության համար»:

Հինգշաբթի օրը ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ դեռ պարզ չէ, թե ինչու են Վաշինգտոնի օդանավակայանում բախվել ուղևորատար և ԱՄՆ բանակի ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 67 մարդ: Սա ԱՄՆ-ում ամենամահաբեր ավիավթարն է ավելի քան 20 տարվա ընթացքում:

Սենատոր Մարիա Կանտուելը հայտնել է, որ զոհվածների թվում եղել են նաև Ռուսաստանի, Ֆիլիպինների և Գերմանիայի քաղաքացիներ: ԱՄՆ գեղասահքի ֆեդերացիան հաստատել է, որ վթարված օդանավի ուղևորների թվում ռուս գեղասահորդներ են եղել ու նրանց մարզիչները:

XS
SM
MD
LG