Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում, ըստ ԶԼՄ-ների, ավիավթարի ուղևորների թվում են եղել նաև գեղասահքի Ռուսաստանի չեմպիոններ Նաումովը և Շիշկովան


Գեղասահքի աշխարհի նախկին չեմպիոն Վադիմ Նաումովը և նրա կինը՝ Եվգենիա Շիշկովան, զոհվել են Վաշինգտոնում Պենտագոնից ոչ հեռու գտնվող Պոտոմակ գետի վրա ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով:

ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հայտնել է, որ բախումը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 9-ի սահմաններում, և որ ներկայումս իրականացվում է լայնածավալ որոնողափրկարարական գործողություն:

American Airlines-ի գործընկեր ավիաընկերության կողմից շահագործվող տարածաշրջանային ուղևորատար ինքնաթիռում եղել է 64 մարդ:

ԱՄՆ բանակի ներկայացուցիչը հաստատել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ավիավթարի հետևանքով տուժել է BlackHawk բանակային ուղղաթիռը, որում եղել է երեք զինվոր:

Ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը և սպորտային Sports.ru կայքի աղբյուրներն էլ պնդել են, որ ինքնաթիռում են եղել Նաումովը և Շիշկովան, ովքեր ոսկե մեդալ են նվաճել զուգախաղում 1994 թվականի աշխարհի առաջնությունում:

Այս զույգը, որ հաղթել է նաև 1995/96 Չեմպիոնների շարքի եզրափակչում, գեղասահորդների կարիերան ավարտելուց հետո տեղափոխվեց Միացյալ Նահանգներ և սկսեց մարզչի կարիերան:

2009-ի փետրվարից ի վեր ԱՄՆ-ում մահվան ելքով ուղևորատար ինքնաթիռների մասնակցությամբ ավիավթարներ չեն եղել, սակայն վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք միջադեպեր լուրջ մտահոգություններ են առաջացրել թռիչքների անվտանգության վերաբերյալ:

XS
SM
MD
LG