Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանին արտաքսում է սպառնում. փաստաբանը հակադարձում է ամերիկացի պաշտոնյային

Լրացված

ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը
ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը

ԱՄՆ-ում ձերբակալված ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանին, ըստ ամերիկացի պաշտոնյայի, արտաքսում է սպառնում: Թեև Ղուկասյանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը կալանավորված կամ ձերբակալված չէ, պարզապես նրա ազատության հետ կապված ԱՄՆ-ի լիազոր մարմինները որոշակի սահմանափակումներ են կիրառել, «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության պաշտոնյան տեղեկացրել է՝ Ղուկասյանը ձերբակալված է, և նրան սպառնում է արտաքսում:

«47-ամյա Վարդան Յուրիկի Ղուկասյանը, ով Հայաստանի քաղաքացի է, գտնվում է ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության կալանքի տակ՝ Լաս Վեգասում՝ Նևադա նահանգում: Նա ձերբակալվել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության աշխատակիցների կողմից փետրվարի 20-ին և տեղափոխվել կալանքի՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը», - նշել է պաշտոնյան:

Ղուկասյանի փաստաբանը, սակայն, ԱՄՆ պաշտոնյայի այս արձագանքը ոչ համաչափ է որակում՝ պնդելով իր պաշտպանյալն ԱՄՆ-ում պետության կողմից հատուկ պահպանության տակ է եղել, իսկ ոչ օրինական բնակվող անձի անվտանգությունը պետությունը չէր ապահովի:

Հայաստանում որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ-ում միգրացիոն խնդիրների առնչությամբ ձերբակալված ԴՕԿ կուսակցության ղեկավարի կուսակիցները և աջակիցները երեկ ցույց էին կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև՝ պահանջելով Միացյալ Նահանգների իշխանություններից չարտահանձնել նրան Հայաստանին՝ պնդելով, որ այստեղ նրա կյանքին վտանգ է սպառնում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ, այսօր, վստահեցրել է՝ Հայաստանում որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, անգամ եթե այդ մեկը հայհոյում է իշխանություններին։

«Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում կա մեկը, որի կյանքին քաղաքական հայտարարությունների վերաբերյալ... հա ի՞նչ, քի՞չ մարդ է հայհոյում», - հայտարարեց ԱԺ նախագահը:

«Ոնց Դոգն է ասում՝ «թող գրուկ-ստորագրուկ». փաստաբան

Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, արձագանքելով Ալեն Սիմոնյանի պնդմանը, հակադարձեց՝ միայն հայտարարելով չէ, ԱԺ նախագահը պետք է երաշխիքներ տա, այն էլ գրավոր:

«Եթե այդպիսի բան է ասում, ոնց Դոգն է ասում՝ «թող գրուկ-ստորագրուկ», թող գրի, ստորագրի, որ եթե իր մազը հանկարծ շեղվեց, հրաժարական է տալու», - նշեց Լևոն Բաղդասարյանը:

Ի դեպ, Ազգային ժողովի նախագահը չհերքեց, որ Ղուկասյանի վերաբերյալ Հայաստանից բողոքներ գնացել են Միացյալ Նահանգներ, քանի որ ԴՕԿ կուսակցության ղեկավարի հայտարարությունները չէին կարող անհետևանք մնալ։ Հայաստանում Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, մեղքը, սակայն, չի ընդունում:

«Ես վստահ եմ, որ այն հայտարարությունները, որոնք քրեական բան են պարունակում, չէին կարող առանց հետևանք մնալ։ Վերջին անգամ, որ ես իր մասին լսել եմ, այն դեպքն է եղել, որ ինքը եթերով իմ 15-16 տարեկան տղայի հետ հաշվեհարդար տեսնելու կոչ է արել: Հլը մի հատ ձեր վրա վերցրեք», - հավելեց ԱԺ խոսնակը:

Երեկ երեկոյան Լաս Վեգասի դատարանում տեղի է ունեցել Վարդան Ղուկասյանի միգրացիոն խնդիրներին առնչվող առաջին դատական նիստը: Ղուկասյանի փաստաբանն «Ազատությանը» փոխանցեց՝ դատական առաջին լսումները կայացել են, իսկ հաջորդ նիստը նշանակվել է մարտի 10-ին:

XS
SM
MD
LG