Ղուկասյանի դատավարությունը՝ այսօր երեկոյան
Այսօր ԱՄՆ-ում՝ Լաս Վեգասում, տեղի կունենա ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի գործով դատավարությունը:
ԴՕԿ կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանի պնդմամբ՝ Ղուկասյանը որևէ անօրինական քայլ ԱՄՆ-ում չի արել, կեցության հետ կապված հատուկ կարգավիճակ ունի, հետևաբար վստահ է, որ այս գործընթացի համար հիմք են հանդիսացել Հայաստանի կառավարության բողոքները:
«Միգրացիոն...ես այդպես գիտեմ: Միգուցե կան այլ խնդիրներ», - ասաց Անի Խուդավերդյանը:
Հայաստանում Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, մեղքը, սակայն, չի ընդունում:
«Պարոն Ղուկասյանն ունի շատ թշնամիներ, կանգնած է նրանց կոկորդին, բայց հուսախաբ են լինելու: Մի՛ մոռացեք՝ Վարդան Ղուկասյանը նաև երկքաղաքացի է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի», - պնդեց Անի Խուդավերդյանը:
«Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են պահում այնտեղ, նա պատասխանեց. «Միգուցե բողոքներ են այստեղից գնացել, սուտ բողոքներ, որը կճշտեն: Իշխանությունների, հինգերորդ շարասյան»:
Թե որտեղ է անցած 10 օրերին պահվում Վարդան Ղուկասյանը, ո՛չ նրա կուսակցության նախագահը և ո՛չ էլ փաստաբանը չեն բացահայտում: Սակայն անցած շաբաթ ԱՄՆ-ի Միգրացիոն և մաքսային ծառայության կայքը տեղեկացրեց, որ Հայաստանում ծնված Վարդան Յուրիկի Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:
Փաստաբանը պնդում է՝ Ղուկասյանի դեմ մանկապղծության հոդվածով մեղադրանք չկա
Ղուկասյանի փաստաբանն այսօր «Ազատության» հետ զրույցում վերահաստատեց՝ երեկոյան ժամը 8 -ին Նահանգներում նախատեսվող դատական նիստը վերաբերելու է ԱՄՆ ներգաղթի կանոնների խստացմանը, սակայն Լևոն Բաղդասրյանը վստահ է, որ այդ այս առումով Ղուկասյանը որևէ խնդիր չունի: Միաժամանակ Ղուկասյանի փաստաբանը տեղեկացեց, որ այս ընթացքում իր պաշտպանյալի նկատմամբ կատարվել է «զազրելի մի քայլ»՝ ԱՄՆ-ի իրավապահներին Հայաստանից գրություն է ուղարկվել այն մասին, որ իբր «Վարդան Ղուկասյանը Հայաստանում մանկապղծությամբ է զբաղվել», և հարուցված է քրեական վարույթ: Թե ով կամ որ մարմինն է գրություն ուղարկել Միացյալ Նահանգներ, Լևոն Բաղդասարյանը դեռ փակագծեր չի բացում: Փաստաբանը, սակայն, պնդում է՝ Ղուկասյանի դեմ մանկապղծության հոդվածով մեղադրանք չկա:
«Ինչ-որ մեկը՝ շահագրգիռ անձ, դիմել է ԱՄՆ-ի պետական մարմիններին՝ ասելով, որ Ղուկասյանին իբր մեղադրում են մանկապղծության մեջ: Դրա իրավական գնահատականը տրվելու է», - ասաց փաստաբան Բաղդասարյանը:
Ղուկասյանին ՀՀ-ին չարտահանձնելու պահանջով ակցիա ԱՄՆ-ի դեսպանատան առջև
Այսօր Լաս Վեգասում սպասվող քննությանն ընդառաջ Վարդան Ղուկասյանի կուսակիցներն ու աջակիցները հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան առջև՝ պահանջելով Նահանգների իշխանություններից չարտահանձնել Ղուկասյանին Հայաստանին: ԴՕԿ կուսակցության անդամներն ու աջակիցները վստահ են, որ Հայաստանում Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում:
«Վարդան Ղուկասյանի կյանքը վտանգված է Հայաստանում, ինքը պետք է չգա, արտերկրում ավելի մեծ գործ է անում, իր ձայնն այստեղ լռեցնելու են», - ասացին նրա համակիրները:
Բողոքի ակցիայի մասնակցիները Միացյալ Նահանգներում Վարդան Ղուկասյանի ձերբակալության հետ կապված տարբեր սցենարներ էին քննարկում: Ոմանք համոզված էին, թե իշխանությունների մատն է խառը, ոմանք պարզապես հուսահատված էին:
Ղուկասյանի աջակիցներից շատերն անդրադառնում էին նրան ուղղված քննադատություններին, թե ԴՕԿ կուսակցության ղեկավարն անդադար հայհոյում ու սպառնում է ուղիղ եթերում, հորդորում էին չկենտորանալ Ղուկասյանի հայհոյանքների վրա, այլ նրա գաղափարներին հետևել:
Կուսակցության աջակիցները դեսպանատան առջև այսօր հավաքվել էին բազմալեզու պաստառներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները ԱՄՆ-ի դեսպանատան տան առջև նաև «Քոչարի» պարեցին՝ ի աջակցություն իրենց կուսակցության ղկավարի, ապա առաջարկ եղավ ակցիան ավարտել մոմավառությամբ: