Արդյոք ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում: Համենայն դեպս, ԱՄՆ-ի Միգրացիոն և Մաքսային ծառայության կայքը տեղեկացնում է, որ Հայաստանում ծնված Վարդան Յուրիկի Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:
Այլ մանրամասներ չկան:
Հենդերսոն կենտրոնում պահվում են ոչ ծանր հանցագործություններ կատարած անձինք, ինչպես նաև ներգաղթի և մաքսային ծառայության կողմից ձերբակալվածները: Այստեղ պահվում են նաև մինչդատական շրջանում ձերբակալվածները, նաև Նևադայի այն բնակիչները, որոնք դատապարտվել են մինչև մեկ տարվա ազատազրկման։
Հենդերսոնի կենտրոնում կան ավելի քան 500 բանտարկյալներ, որոնց արգելված է հեռախոսազանգեր ունենալ արտաքին աշխարհի հետ, բացառություն են միայն փաստաբանները և պրոբացիոն ծառայության աշխատակիցները։ Այս բանտում կալանավորներին թույլատրվում է շաբաթական միայն 2 օր 20 րոպեանոց հանդիպումներ ունենալ։
Թե արդյոք Հենդերսոնում պահվող Վարդան Ղուկասյանը հենց ԴՕԿ կուսակցության ղեկավարն է, հստակ տեղեկություն անգամ նրա ղեկավարած ուժում չունեն:
Նախօրեին կուսկացության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացրել է, թե «Վարդան Ղուկասյանը գտնվում է վերահսկողության տակ, սակայն ձերբակալվածի կարգավիճակ չունի»: Հայտարարության մեջ սակայն չի նշվում, թե որտե՞ղ և ինչո՞ւ է Ղուկասյանը գտնվում վերահսկողության տակ։
Ավելի ուշ արդեն ԴOԿ կուսկացության ֆեյսբուքյան էջը տեղեկություն տարածեց, որ ստորագրահավաք է սկսվել Վարդան Ղուկասյանին Հայաստան արտահանձնելու դեմ: Որպես հիմնավորում նշվում է, թե լուրջ մտավախություն կա, որ Վարդան Ղուկասյանի արտահանձման դեպքում նա կարող է ենթարկվել անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների։
Ղուկասյանի կուսակցությունը ներկայացված է Երևանի ավագանիում, նրա դեմ Հայաստանում հարուցված քրեական գործ կա՝ խոշոր գումարի շորթման և բռնության հրապարակային կոչերի համար: