Մատչելիության հղումներ

«Ղուկասյանը կալանավորված չէ, միգուցե ազատության մասնակի սահմանափակում կա». փաստաբանը մանրամասներ է պատմում

Լրացված

ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյան, փաստաբան Լևոն Բաղդասարյան, կոլաժ, արխիվ
ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյան, փաստաբան Լևոն Բաղդասարյան, կոլաժ, արխիվ

Որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը

Արդյոք ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում: Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում պնդեց՝ իր պաշտպանյալը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց միգուցե ազատության հետ կապված մասնակի սահմանափակում ունի:

«Սկսվել է իրավական գործառույթ, և Վարդան Ղուկասյանը ևս մասնակիցն է այդ իրավական գործառույթի: Պայմանավորված այդ գործառույթի, այսպես ասած, գաղտնիությամբ, և, ինչու չէ, նաև արդարադատության շահերից ելնելով՝ մանրամասներ չեմ ասի, ավելին ասեմ, որ այդ գործառույթները, ըստ էության, ԱՄՆ-ի փաստաբանների տիրույթում են», - նշեց Բաղդասարյանը:

Հարցին՝ Ղուկասյանն այժմ անազատության մե՞ջ է, փաստաբանը պատասխանեց. - «Այսպես ասած՝ վերջինս կալանավորված չէ, արձանագրում եմ իմպերատիվ, ձերբակալությունը տարբեր ֆորմատով կարելի է հասկանալ, պայմանավորված այդ իրավական գործառույթով՝ անձին չեն ձերբակալել, անձը ընդամենը, կապված այդ գործառույթներով, այնտեղի պետական լիազոր մարմինների հետ կատարվում է որոշակի քննություն; Իրավունքները սահմանափակված չեն, ազատության հետ կապված միգուցե մասնակի սահմանափակումը կա՝ պայմանավորված արդարադատության շահով»:

Իսկ որտե՞ղ է գտնվում Վարդան Ղուկասյանը՝ իր տա՞նը, թե՞ ամերիկյան պետական որևէ հաստատությունում: ԱՄՆ-ի Միգրացիոն և մաքսային ծառայության կայքը տեղեկացնում է, որ Հայաստանում ծնված Վարդան Յուրիկի Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում: Փաստաբան Լևոն Բաղդասարյանը վստահեցնում է՝ տեղյակ չէ Ղուկասյանի գտնվելու վայրի մասին. - «Չունեմ տեղեկություն դրա հետ կապված, ինձ դա չի էլ հետաքրքրել»:

Բաղդասարյանը պնդում է՝ իրավական գործընթացով զբաղվում են ամերիկացի փաստաբանները: Հենց նրանք էլ իրազեկել են իրեն այդ ամենի մասին, որը սկսվել է շուրջ մեկ շաբաթ առաջ:

«Միգրացիո՞ն խնդիր է սա, կարո՞ղ ենք ասել», - այս հարցին փաստաբանն արձագանքեց. - «Այո, կարող ենք ասել, այո, դա ... գաղտնիության հետ կապված խնդիր ես չեմ տեսնում, այդ թվում նաև միգրացիոն հարց է: Տեղեկացնեմ, որ վերջինս ունի, որքան ես գիտեմ, կարգավիճակ՝ կոնկրետ ԱՄՆ-ում ունի համապատասխան կարգավիճակ, այդ թվում նաև՝ բնակվելու, որքան ես տեղյակ եմ: Իսկ մնացյալը շատ մոտ օրերի ընթացքում, կարծում եմ, դրա գնահատականը կտան և՛ այնտեղի պետական լիազոր մարմինները, ինչու չէ՝ նաև Վարդան Ղուկասյանը ևս, կարծում եմ, հանդես կգա դրա հետ կապված»:

Հենդերսոնի ձերբակալվածների կենտրոնում, որտեղ ըստ ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ծառայության գտնվում է Վարդան Ղուկասյանը, պահվում են ոչ ծանր հանցագործություններ կատարած անձինք, ինչպես նաև ներգաղթի և մաքսային ծառայության կողմից ձերբակալվածները: Այստեղ են գտնվում նաև մինչդատական շրջանում ձերբակալվածները, նաև Նևադայի այն բնակիչները, որոնք դատապարտվել են մինչև մեկ տարվա ազատազրկման։

Հենդերսոնի կենտրոնում կան ավելի քան 500 բանտարկյալներ, որոնց արգելված է հեռախոսազանգեր ունենալ արտաքին աշխարհի հետ, բացառություն են միայն փաստաբանները և պրոբացիոն ծառայության աշխատակիցները։ Այս բանտում կալանավորներին թույլատրվում է շաբաթական միայն երկու օր 20-րոպեանոց հանդիպումներ ունենալ։

Լևոն Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում Վարդան Ղուկասյանի հետ շփվելու հնարավորություն ունեցե՞լ է. - «Զուտ պայմանավորված, որ նման լիազորություն չունեմ իմ վստահորդից», - նշեց նա:

Փաստաբանը բացառում է Ղուկասյանի արտահանձնումը

Ի դեպ, թեև Ղուկասյանի ղեկավարած ԴՕԿ կուսակցությունը տեղեկություններ չի հաղորդում, թե ինչ պատճառով և որտեղ է պահվում նա, սակայն տեղեկացնում է, որ ստորագրահավաք է սկսվել նրան Հայաստան արտահանձնելու դեմ: Որպես հիմնավորում նշվում է, թե լուրջ մտավախություն կա, որ արտահանձնման դեպքում Ղուկասյանը կարող է ենթարկվել անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների։

Փաստաբան Բաղդասարյանը, սակայն, բացառում է, որ Ղուկասյանին կարտահանձնեն: Նա համոզված է՝ Հայաստանում ԴՕԿ կուսակցության ղեկավարի կյանքին վտանգ է սպառնում, և այդ հանգամանքը, նրա պնդմամբ, արձանագրել է նաև Ինտերպոլը. - «Արձանագրված է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում Հայաստանում: Եթե դուք տեղյակ չեք, տեղեկացնեմ, որ ամիսներ առաջ այդ հեղինակավոր կառույցը վերացրեց Հայասստանի կողմից ներկայացված միջազգային հետախուզումը, և պատճառներից մեկն էլ նաև դա էր»:

Ղուկասյանի փաստաբանը նրա արտահանձնումը բացառում է «իրավական հարթության վրա»: «Տիրապետելով համապատասխան տեղեկատության իրավական, ես իրավական հարթության վրա բացառում եմ: Եթե կան այլ, քաղաքական հարթակում այլ գործառույթներ և այլն, քաղաքականությունը իմը չի, ես դա չեմ կարող ասել: Զուտ իրավական հարթության վրա իմպերատիվ եմ արձանագրում, որ հանգուցալուծվելու է այս իրավական խնդիրը», - ասաց Լևոն Բաղդասարյանը:

Հայաստանում ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար: Ղուկասյանը մեղքը չի ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG