Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. բանտարկված ակտիվիստից մինչև պաշարված առաջնորդ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

Լրագրող Ջոշուա Կուչերան «Ազատ Եվրոպա/Ազատության» իր հոդվածում գրել է հունիսի 12-ի հայաստանյան իրադարձությունների մասին, որը ներկայացնում ենք ստորև։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը կառուցել է խաղաղ ցույցերի և ոստիկանական բռնություններին դիմադրության վրա։ Այժմ՝ իշխանությունը ստանձնելուց վեց տարի անց, նա հայտնվեց մի իրավիճակում, երբ բռնի ուժ կիրառվեց իր իսկ հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ:

Ապագա վարչապետը հայտնի դարձավ Հայաստանի քաղաքականության մեջ 2008 թվականին՝ վիճահարույց ընտրությունների դեմ ցույցերից: Ոստիկանությունը բռնությամբ ցրեց բողոքի այդ ցույցերը, ինչը իրավապաշտպան խմբերը որակեցին որպես ուժի անհամաչափ կիրառում։ Տասը մարդ զոհվեց։ Փաշինյանը մեկ տարի անցկացրեց բանտում։

Նիկոլ Փաշինյանին դիմավորում են ընդդիմության կողմնակիցները, մարտ, 2008թ.
Նիկոլ Փաշինյանին դիմավորում են ընդդիմության կողմնակիցները, մարտ, 2008թ.

Տասը տարի անց նա իշխանության եկավ փողոցային բողոքի հերթական ալիքով, որն ինքն անվանեց «Թավշյա հեղափոխություն»՝ իր ոչ բռնի բնույթի պատճառով:

«Ես հասկացա, որ բռնությունը կանխելու լավագույն միջոցը ոչ բռնի լինելն է», - ասել էր նա այն ժամանակ New York Times-ին:

Նիկոլ Փաշինյանը ողջունում է իր աջակիցներին, մայիս, 2018թ.
Նիկոլ Փաշինյանը ողջունում է իր աջակիցներին, մայիս, 2018թ.

Այժմ, երբ ինքն է իշխանության ղեկին, պատկերը փոխվեց։ Հունիսի 12-ին ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ օգտագործեց ցույցը ցրելու համար։ Հաղորդվում է, որ բախումների արդյունքում տուժել է առնվազն 101 մարդ։

Ոստիկանությունն ԱԺ-ի մոտ լուսաձայնային նռնակներ է կիրառում
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Տեղի ունեցածի շատ մանրամասներ մնում են վիճելի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ բողոքի շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանն «ուղղորդել է մարդկանց հարձակվել ոստիկանների վրա», և որ ոստիկանության պատասխանն արդարացված է։ Փաշինյանն ինքն էլ է պաշտպանել ոստիկաններին, միաժամանակ ասել է, որ բռնության վերաբերյալ հետաքննություն է անցկացվելու։

2018 թվականին, երբ Փաշինյանն առաջնորդում էր Սերժ Սարգսյանի գլխավորած ավտոկրատ իշխանության դեմ բողոքի ցույցերը, մտավախություններ կային, որ ոստիկանությունը կարող է բռնությամբ ճնշել այն, ինչպես դա արվեց 2008 թվականին: Թեև հարյուրավոր ցուցարարներ բերման էին ենթարկվում այդ ցույցերի ժամանակ, բայց ոստիկանական բռնությունների առումով դրանք համեմատելի չէին հունիսի 12-ին տեղի ունեցածի հետ: Սարգսյանի հրաժարականից հետո ԱՄՆ դեսպանը բարձր գնահատեց «ուժայինների պրոֆեսիոնալիզմը»:

Այնուհետև Փաշինյանի կառավարությունն սկսեց բարեփոխումների հավակնոտ ծրագիր, ներառյալ՝ ազատ և արդար ընտրությունների անցկացումը և երկրում կոռուպցիայի էապես նվազեցումը: Բայց, նրա մոտեցումը կառավարության քննադատների հանդեպ մշտապես կոշտ է եղել:

«Վենդետաներ»

«Թավշյա հեղափոխությունից» հետո՝ իր առաջին ընտրարշավում, նրան քննադատեցին ընդդիմության դեմ բռնի հռետորաբանության համար: Հաջորդ ընտրարշավում՝ 2021 թվականին, նա խոսում էր վենդետաների մասին՝ խոստանալով «թավշյա մանդատը փոխարինել պողպատե մանդատով»։ Նրա իշխանության օրոք ոստիկանությունը բազմիցս է հետապնդել Փաշինյանի քննադատներին՝ նույնիսկ պարզապես վիրավորական ֆեյսբուքյան գրառումների համար:

Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցը արձանագրել է, որ «բազմաթիվ կազմակերպություններ հայտնել են կալանավայրերում գտնվող անձանց նկատմամբ իրավապահների կողմից բռնության կամ խոշտանգումների դեպքերի զգալի աճի մասին ու պնդել, որ նման վարքագիծը դառնում է համակարգային և հաճախ մնում է անպատիժ»:

Նիկոլ Փաշինյանն առաջնորդում է բողոքի ցույցը Երևանում, ապրիլի 26, 2018թ.
Նիկոլ Փաշինյանն առաջնորդում է բողոքի ցույցը Երևանում, ապրիլի 26, 2018թ.

Փաշինյանն ու նրա պաշտպանները արդարացնում են ճնշումները իշխանության հակառակորդների նկատմամբ՝ վկայակոչելով այդ գործիչների կապերը նախկին իշխանության հետ կամ պնդելով, որ նրանք ռուսամետ դիրքորոշում ունեն։

«Այստեղ՝ Երևանում, հասարակությունը դա դիտարկում է որպես [մի քանի] հարյուր ակտիվիստների սադրիչ գործողություններ», - հունիսի 12-ի իրադարձություններից հետո X-ում գրել է քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը։

«Բռնության համար ձերբակալվածները հիմնականում քաղաքական կուսակցություններից/ կազմակերպություններից են, որոնք կապված են ռուսամետ, նախկին ռեժիմի հետ», - հավելել է նա:

Ինքը՝ Փաշինյանը, բռնությունների հաջորդ օրը խորհրդարանում մեղադրանք հնչեցրեց, թե բողոքի ակցիաները կազմակերպված են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսի կողմից։ Նաև պնդեց, որ ցուցարարները փորձում էին գրոհել խորհրդարանի շենքի վրա։ «Ոստիկանությունը պաշտպանում էր Հայաստանի պետականությունը», - ասաց նա։

Այլք, սակայն, պնդում են, որ դա արդարացում չէր:

«Քաղաքական փոքրամասնությունը նպատակ ուներ ոստիկանության հետ ագրեսիվ ընդհարման արդյունքում ձևավորել լեգիտիմություն իր խոսույթի համար», - իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, հավելելով, - «Սակայն, որևէ քաղաքական նպատակահարմարություն չի կարող արդարացնել բռնության կիրառումը և չի կարող համարվել ընդունելի ու արդարացված ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքների տեսակետից՝ անկախ այն կիրառողից՝ իշխանություն, թե ընդդիմություն»։

XS
SM
MD
LG