Մատչելիության հղումներ

Իրավաչափ ո՞ւժ, թե՞ ոստիկանական բռնություններ. իշխանությունն ու ընդդիմությունը տրամագծորեն հակառակ կերպ են մեկնաբանում


Խորհրդարանի նիստ, հունիսի 13, 2024թ.
Խորհրդարանի նիստ, հունիսի 13, 2024թ.

Ուժի իրավաչափ կիրառո՞ւմ, թե՞ ոստիկանական բռնություններ. 100 քաղաքացու վիրավորման պատճառ դարձած գործողություններն իշխանությունն ու ընդդիմությունը տրամագծորեն հակառակ կերպ են մեկնաբանում։

«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա անհամաչափ ուժի կիրառում է, դա ուղիղ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի կիրառում է», - նշեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ոստիկանությունն ԱԺ-ի մոտ լուսաձայնային նռնակներ է կիրառում
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Այն, որ իրավապահների գործողություները իրավաչափ են, Փաշինյանը պնդում էր դեռ երեկ՝ ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև բախման ընթացքում. - «Որևէ կասկած չունեմ, որ ոստիկանները գործել են ճշգրիտ հարյուր տոկոսով օրենքի շրջանակներում»։

Քրիստինե Վարդանյանը հարց է տալիս Փաշինյանին. - «Փաշինյանը ո՞նց կարողացավ ԱԺ դահլիճում նստած, առանց տեսնելու այդ ամեն ինչը, առանց պատշաճ զեկուցման կադրեր նայելու, միանգամից ոտքի վրա և ձեռքի հետ որոշել երկու րոպեի ընթացքում, որ ամեն ինչ եղել է օրինաչափ։ Դա կարող է լինել մի դեպքում՝ եթե մինչև այդ ԱԺ նիստերի դահլիճ մտնելը Փաշինյանը հրահանգած լիներ ուժային կառույցներին՝ ինքը ստանձնում է պատասխանատվություն, որ ուժային կառույցներն իրավունք ունեն անել իրենց ցանկացածը, և դրա համար որևէ մեկը պատիժ չի կրելու»։

Ընդդիմադիր պատգամավորը, հիշեցնելով երեկ խորհրդարանում վարչապետի հայտարարությունները, պնդում է՝ հենց Փաշինյանն էր խրախուսում ոստիկաններին դիմել բիրտ ուժի։

Վարչապետը երեկ, մասնավորապես, ասել էր. - «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ոստիկաններին, ովքեր հենց հիմա ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականությունն են կատարում, և ինչպես նախկինում, հետագայում էլ առավել սկզբունքայիններն իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան»։

«Դա խրախուսում էր այդ պահին տեղի ունեցող վայրագություններին, և այն ուժը, որ փաստացի իշխանության է եկել նաև ոստիկանական բռնությունների մասին թմբկահարելով, հիմա անում է այն, ինչում մեղադրում էր նախկին բոլոր իշխանություններին», - նշեց Վարդանյանը։

Վարչապետ Փաշինյանն այսօր, խորհրդարանի ամբիոնից արդարացնելով ոստիկանական գործողությունները, պնդեց՝ «փորձել են հարձակվել խորհրդարանի վրա», մեղադրելով նաև «ինչ-որ մի եպիսկոպոսի»՝ առանց նրա անունը տալու։

«Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա։ Եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը հարձակումից որոշ ժամանակ առաջ դիմելով ոստիկաններին՝ ասել է, թե «տղաներ, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում», որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը», - ասաց նա։

Ընդդիմադիրները Փաշինյանից պահանջում են փաստեր ներկայացնել։

«Բոլորը կարող են տեսնել, որ շենքեր գրավել, շենքեր ներխուժելու կոչեր չեն հնչել, ցուցարարների մոտ որևէ տեսակ զենք-զինամթերք չի հայտնաբերվել, քաղաքացիները բացառապես օգտվել են իրենց սահմանադրական իրավունքից՝ իրենց բողոքը խաղաղ միջոցով արտահայտելու։ Եթե որևէ մեկը հակառակն է պնդում, ա) պետք է ցույց տա, որ քաղաքացիները եղել են զինված, բ) պետք է ցույց տա կոչը հանրային առաջնորդներից որևէ մեկի, որ ասում են՝ պետք է գրավել շենքերը կամ դիմել ուժի։ Այդ երկու փաստը մենք չունենք»,- ասաց պատգամավորը։

Ի դեպ, երեկ երբ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից արդարացնում էր ոստիկանական գործողությունները, որպես հիմնավորում նաև իր անձնական օրինակն էր բերում, պնդելով, թե ժամանակին ինքն էլ բռնությունների է ենթարկվել։ Բայց ինչպես վարչապետը ձևակերպեց, ոստիկանները իրեն հարվածելիս պարզապես կատարել են իրենց աշխատանքը։

Երեկվա դեպքերից հետո «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ջոշուա Կուչերան «Նիկոլ Փաշինյան՝ բանտարկված ակտիվիստից մինչև պաշարված առաջնորդ» վերնագրով հոդվածում նկատում է՝ Հայաստանի վարչապետն իր քաղաքական ինքնությունը կառուցել է խաղաղ ցույցերի և ոստիկանական բռնություններին դիմադրության վրա։

«Այժմ՝ իշխանությունը ստանձնելուց վեց տարի անց, նա հայտնվեց մի իրավիճակում, երբ բռնի ուժ կիրառվեց իր իսկ հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ», - գրել է նա հոդվածում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG