Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ», իր ուղերձում հայտարարեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն այս ուղերձով ներկայացնում է իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը: Այն 14 դրույթից է բաղկացած:
Ըստ Փաշինյանի՝ Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։
Մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարին, արդարադատության նախարարը խոստացավ մինչև խորհրդարանական ընտրություններ մշակել նոր Սահմանադրության տեքստը։
Նոր Սահմանադրության հարցը իշխանության օրակարգ մտավ Բաքվի պահանջից հետո։ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի մայր օրենքը։ Ադրբեջանը խնդրահարույց է համարում նախաբանում Անկախության հռչակագրին հղումը, իսկ հռչակագրում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։ Անցած տարի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության բովանդակությունը նույնական չեն։ Բայց, դրանից հետո էլ չդադարեց Բաքվի պահանջը։
Նախարարը, սակայն, պնդել էր՝ մայր օրենքը փոխելու նպատակը ավելի լավ Սահմանադրություն ունենալն է։ Հրատապ հարց չկա, Ադրբեջանի պահանջի հետ կապ չունի, ավելացրել էր նա։
Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի կետերից մեկն էլ «Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»: Նախագծում, որ հրապարակվել է, նշվում է՝ «պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է ժողովրդի համար, բայց այս նպատակին առավել արդյունավետ ծառայելու համար պետությունը պետք է լինի հնարավորինս անկախ:
<> Հետևաբար, անկախության ռազմավարությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելու ռազմավարությունն է: Եթե պետությունն արդեն կախված է շատերից, ուրեմն պետք է խնդիր ունենա կախված լինել ավելի շատերից: Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության նպատակը նույնիսկ շատերից կախվածության մեջ անհամաչափություններ թույլ չտալն է»:
Անդրադարձ կա նաև խաղաղության մասին, նշվում է՝ «խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է»:
«Խաղաղությունն արտաքին հարաբերությունների վերջնանպատակն է: Երբ խաղաղությունը հաստատված է, այն շարունակում է մնալ արտաքին հարաբերությունների վերջնանպատակ, արտահայտվելով տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցությամբ», - ասված է նախագծում:
Վարչապետի այսօրվա որոշմամբ էլ ստեղծվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով: Հունվարի 28-ի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ազգային անվտանգության ռազմավարությունն առաջիկայում կփոխվի և կվերափոխվի: