Մատչելիության հղումներ

Բաքվից դարձյալ թվարկել են խաղաղության պայմանագրի ստորագրման իրենց պահանջները


Մինչ Երևանից շատ մոտ են համարում խաղաղության պայմանագրի կնքումը, Բաքվից այսօր դարձյալ թվարկել են փաստաթղթի ստորագրման իրենց պահանջները՝ Հայաստանի սահմանից Եվրամիության դիտորդների դուրսբերումից մինչև Սահմանադրության փոփոխություն։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, թե Հայաստանից վճռական քայլեր են ակնկալում։

«Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը, որովհետև հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որն ընդունվել է Հայաստանի անկախացումից հետո, և այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ որոշումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը», - հայտարարել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչդեռ երկու օր առաջ հենց Սահմանադրական դատարանի որոշումը վկայաբերելով էր վստահեցրել՝ Հայաստանի Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ: Այդուհանդերձ, նա ամիսներ առաջ նոր Սահմանադրություն գրելու հանձնարարություն տվել էր, բայց թե երբ այն պատրաստ կլինի, և կհանվի արդյոք Ադրբեջանի համար խնդրահարույց համարվող հղումն Անկախության հռչակագրին, դեռ պարզ չէ:

Խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետից 15-ն արդեն համաձայնեցված են. Բայրամով

Բայրամովը նաև ասել է, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետից 15-ն արդեն համաձայնեցված են, բայց չի հստակեցրել՝ արդյոք չհամաձայնեցված կետերից է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը: Պաշտոնական Երևանից ավելի վաղ նշել էին, թե պայմանագրի նախագծում այդպիսի կետ չկա:

Ի տարբերություն սրա՝ նախագծում ներառված է Հայաստանի սահմանից Եվրամիության դիտորդների դուրսբերման ադրբեջանական պահանջը: Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, թե պատրաստ են սահմանազատված հատվածներից հանել դիտորդներին:


Սա, ըստ Ադրբեջանի կառավարությանը կից վերլուծական կենտրոնի, խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այսօրվա հայտարարությունից դատելով՝ Բաքվին վարչապետ Փաշինյանի առաջարկը չի բավարարում: Ալիևի օգնականը պնդել է, թե Հայաստանում ԵՄ դիտորդներ առհասարակ պետք է չլինեն. «Այս առաքելության տեղակայումը համաձայնեցվել է Պրահայում՝ Ադրբեջանի, Ֆրանսիայի, Հայաստանի ղեկավարների և Շառլ Միշելի հանդիպմանը: Կողմերը պայմանավորվել էին, որ առաքելությունը կլինի կարճաժամկետ, սակայն, այն մշտական է դառնում, ընդլայնվում է կազմն ու մանդատը»։

Բաքուն ու Անկարան կրկին «Զանգեզուրի միջանցքից» են խոսում

Բաքվի պաշտոնյաների այսօրվա հայտարարություններից նաև ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրից դուրս քննարկվող տարածաշրջանային հաղորդակցությունների բացման շուրջ ևս կողմերը կոնսենսուս չունեն: Թեև վարչապետ Փաշինյանն անցած շաբաթ պնդում էր, թե այդ հարցում ադրբեջանական կողմին փոխանցված առաջարկները իրատեսական են, Ադրբեջանի արտգործնախարարը դրանց չի անդրադարձել, փոխարենը խոսել է «Զանգեզուրի միջանցքից»՝ պնդելով, թե իրենց տարածքում ակտիվ տեմպերով աշխատում են դրա բացման ուղղությամբ:

««Զանգեզուրի միջանցքի» բացումը կախված է Հայաստանի ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումից, բայց վերջնական դրական որոշում այդ հարցի շուրջ չկա», - ասել է նա։

Թեմային այսօր անդրադարձել է նաև Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ ընդգծելով, թե «Զանգեզուրի միջանցքը» Անկարայի համար անփոխարինելի նախագծերից է։ Հայաստանի արտգործնախարարությունից մինչ օրվա ավարտն այդպես էլ չարձագանքեցին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին:

XS
SM
MD
LG