Մատչելիության հղումներ

Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է կարգավորմանը. Բայրամովը՝ Սինիրլիօղլուին


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը խոսել է հայ - ադրբեջանական բանակցային գործընթացից և կրկին հայտարարել, թե Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Բայրամովը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը խոչընդոտ է հանդիսանում», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Մյունխենում հանդիպել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։

Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ, մատնանշելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։

XS
SM
MD
LG