Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է պատերազմը դադարեցնելու նպատակով ուղիղ բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել հունիսի 2-ին Ստամբուլում: Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է Ստամբուլում ուկրաինական կողմին ներկայացնել խաղաղության համաձայնագրի հուշագրի ռուսական տարբերակը և տալ անհրաժեշտ բացատրություններ:
«Ռուսական կողմը, ինչպես և պայմանավորվել է, արագ մշակել է համապատասխան հուշագիրը, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի հիմնապատճառները հուսալիորեն հաղթահարելու բոլոր ասպեկտների վերաբերյալ», - նշել է արտգործնախարարը։
Իսկ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Մոսկվան Կիևից դեռ չի ստացել Ստամբուլում հանդիպելու պատասխանը: Դմիտրի Պեսկովը ոչ կառուցողական է որակել Ուկրաինայի պահանջը, որ Ռուսաստանը նրանց փոխանցի հուշագրի՝ ռուսական տարբերակի տեքստը, թեև Ուկրաինան իր տարբերակը Ռուսաստանին օրեր առաջ է փոխանցել:
«Ռուսաստանը հենց դրա համար էլ առաջարկել է երկուշաբթի հանդիպել Ստամբուլում և սկսել քննարկել այս նախագծերը։ Հետևաբար, դա անհապաղ պահանջելը կառուցողական չէ։ Անհրաժեշտ է կա՛մ հաստատել բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը, կա՛մ անել հակառակը», - շեշտել է Պեսկովը:
Կիևի արձագանքը
Այն, որ Ռուսաստանը հանդիպումից առաջ չի հրապարակում հուշագիրը, ենթադրում է, որ դրանում, հավանաբար, անիրատեսական պահանջներ ու վերջնագրեր կան, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակը: Գեորգի Տիխին նշել է, թե դա խոսում է այն մասին, որ ռուսները, հավանաբար, ցանկանում են, որ հաջորդ հանդիպումը որևէ արդյունք չգրանցի:
«Եվ նրանք վախենում են բացահայտել, որ իրենք խոչընդոտում են խաղաղության գործընթացը: Եթե դա այդպես չէ, նրանք պետք է անհապաղ հանձնեն փաստաթուղթը և դադարեցնեն այս խաղերը», - ասել է նա:
Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովն էլ սոցցանցում գրել է, որ Ռուսաստանը նախ՝ ձգձգում էր հուշագրի տեքստի պատրաստումը, հիմա էլ ձգձգում է փաստաթղթի փոխանցումը:
Շատ հիասթափված եմ տեղի ունեցածից. Թրամփ
Այս ֆոնին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե շատ հիասթափված է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը շարունակում է հարվածները, ինչի հետևանքով մարդիկ են սպանվում: Արձագանքելով Վլադիմիր Զելենսկիի երեկվա առաջարկին՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում եռակողմ հանդիպում անցկացնել Զելենսկիի և Պուտինի հետ: Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ դեռ չի կարող ասել՝ Կրեմլի ղեկավարն իսկապե՞ս ցանկանում է դադարեցնել պատերազմը, թե ոչ, բայց կիմանա մոտ երկու շաբաթից։
«Մենք կիմանանք՝ նա մեզ խաբո՞ւմ է, թե՞ ոչ, և եթե այո, ապա մի փոքր այլ կերպ կպատասխանենք: Շատ հիասթափված եմ տեղի ունեցածից: Արդեն քանի գիշեր է՝ մարդիկ են սպանվում այն ժամանակ, երբ բանակցություններ են ընթանում», - հայտարարել է Թրամփը:
Հարցին, թե ինչու պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է, որ չի ցանկանում խափանել խաղաղության հնարավոր գործարքը:
Պուտինը պատերազմի դադարեցման համար պայմաններ ունի. Reuters
Reuters-ի տվյալներով՝ մի շարք հանրապետական կոնգրեսականներ, Սպիտակ տան խորհրդականներ ԱՄՆ նախագահին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել: Սակայն, ըստ Սպիտակ տան աղբյուրների, Թրամփը դեռ հույս ունի զարգացնել տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ:
Բանակցություններին տեղյակ ռուսական երեք աղբյուրի հղումով՝ Reuters-ը նաև գրում է, թե Պուտինն իսկապես պատրաստ է դադարեցնել պատերազմը, սակայն իր կոնկրետ պայմաններով: Նախ՝ Արևմուտքը պետք է գրավոր պարտավորվի դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ապա վերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը։
Ուկրաինայի ապագայի ինստիտուտի փորձագետ Իվան Ստուպակը «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, թե անտրամաբանական է, որ Ուկրաինայի դեմ պատերազմելով՝ Ռուսաստանը պահանջներ է ներկայացնում ամբողջ ՆԱՏՕ-ին: Ըստ նրա՝ Մոսկվան նման պահանջներ է դնում, որպեսզի ձգձգի պատերազմը:
«Ռուսաստանը ժամանակ է ձգում, փորձում է օգտվել ստեղծված առավելությունից, որպեսզի հնարավորինս շատ տարածքներ գրավի, թեև դրանք բացարձակապես ոչինչ չեն տալիս Ռուսաստանին», - ասել է փորձագետը:
Այս ֆոնին, Գերմանիայի կանցլերը չի բացառել, որ ապագայում Գերմանիան կարող է Taurus թևավոր հրթիռներ տրամադրել Ուկրաինային: «Իհարկե, դա հնարավորության սահմաններում է»,- տեղական հեռուստաընկերություններից մեկին ասել է Ֆրիդրիխ Մերցը:
Երեկ էլ Գերմանիան Ուկրաինայի հետ հեռահար հրթիռների համատեղ արտադրության մասին համաձայնագիր էր ստորագրել, ինչը Կրեմլը Գերմանիայի կողմից «սադրանք» էր որակել:
Հարվածները շարունակվում են
Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց: Խերսոնում մեկ օրում ռուսական հարվածներից 10 մարդ է տուժել, Զապորոժիեում կա 2 զոհ, բնակելի տներ են վնասվել: Ռուսաստանը հայտարարել է, որ ևս երեք բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում: Արդեն 9-րդ օրն է՝ ուկրաինական անօդաչուների թիրախում են Մոսկվան և Մերձմոսկվան: Սանկտ Պետերբուրգում անօդաչուն հարվածել է ռազմական գործարանի, ինչից հետո խոշոր հրդեհ է բռնկվել: