Մատչելիության հղումներ

Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային ուղիղ բանակցություններ անցկացնել հունիսի 2-ին Ստամբուլում


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ուղիղ բանակցությունների ժամանակ ուկրաինական կողմին ներկայացնել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագիր։ Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հայտարարությունը։

«Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված է եղել, արագորեն մշակել է համապատասխան հուշագիր, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի արմատական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Վ. Ռ. Մեդինսկու գլխավորած մեր պատվիրակությունը պատրաստ է այս հուշագիրը ներկայացնել ուկրաինական պատվիրակությանը և տրամադրել անհրաժեշտ բացատրությունները հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 2-ին Ստամբուլում վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում», - ասել է նա։

Լավրովը նշել է՝ ակնկալում է, որ բոլոր կողմերը կաջակցեն Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների նոր փուլի անցկացմանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը կապ է հաստատել Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ, սակայն Ուկրաինան դեռևս չի ստացել խոստացված հուշագրի տեքստը։

«Մենք իսկապես սպասում էինք, որ նրանք կհայտարարեն իրենց «օրակարգի»՝ հրադադարի, ապա՝ առաջնորդների հանդիպման ծրագրի մասին: Մենք դա սպասում էինք նույնիսկ փոխանակումից առաջ: Այնուհետև մեզ ասացին, որ օրակարգը կամ հուշագիրը կհայտնվի փոխանակումից անմիջապես հետո: Բայց փոխանակումից հետո մենք ոչինչ չստացանք», - Զելենսկիի խոսքերն է մեջբերել "Украинская правда"-ն։

Ուկրաինայի նախագահի հայտարարությունից հետո Մեդինսկին ասել է, որ Մոսկվան արդեն Կիևին առաջարկել է նոր հանդիպման վայր և ժամանակ: Ռուսաստանը, ըստ նրա, պատրաստ է անհապաղ շարունակել պատերազմը դադարեցնելու պայմանների շուրջ բանակցությունները «հենց տեղում, տեղում»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG