Վլադիմիր Պուտինը կրակի հետ է խաղում`չհամաձայնելով Ուկրաինայում հրադադար հաստատելուն, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը, որն օրեր առաջ էլ ասել էր, թե Ռուսաստանի նախագահը «լրիվ խելագարվել է»:
Դոնալդ Թրամփը սոցցանցում այսօր գրել է, որ եթե չլիներ ինքը, ապա Ռուսաստանի հետ շատ վատ բաներ տեղի կունենային. - «Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ վաղուց շատ վատ բաներ կպատահեին, և ես նկատի ունեմ՝ իսկապես շատ վատ բաներ։ Նա կրակի հետ է խաղում»:
Արձագանքելով՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն ասել է, թե ինքը գիտի միայն մեկ վատ բան՝ Երրորդ համաշխարհային պատերազմը։ «Հուսով եմ՝ Թրամփը հասկանում է սա», - սոցցանցում սպառնացել է Դմիտրի Մեդվեդևը:
Մեդվեդևին էլ, իր հերթին, արձագանքել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը՝ ասելով, որ Երրորդ համաշխարհայինի շուրջ վախերը սրելու նրա փորձն անխոհեմ է և հարիր չէ գերտերությանը: Fox News-ի հետ զրույցում էլ Քելլոգը հաստատել է՝ ուկրաինական կողմից ստացել են խաղաղության համաձայնագրի հուշագրի տեքստը, սպասում են Մոսկվայի պատասխանին:
Ամերիկացի պաշտոնյան նաև բացատրել է, թե ինչ է նկատի ունեցել Թրամփը՝ ասելով, թե Պուտինը կրակի հետ է խաղում. - «Կարծում եմ՝ նա խոսում է անձնական հարաբերությունների մասին, քանի որ դա այն բաներից մեկն է, որ նախագահ Թրամփն իսկապես արժևորում է ... Եվ նա իսկապես լավ է բանակցում մարդկանց հետ։ Նա շատ լավ բնազդներ ունի»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակն, իր հերթին, ասել է, որ Պուտինի մասին նախագահ Թրամփի վերջին հայտարարությունները չպետք է ընդունել որպես հիասթափության նշան։ Թեմի Բրյուսի խոսքով՝ դրանք մի մարդու հայտարարություններ են, որը ցանկանում է վերջ դնել պատերազմին:
«Կարծում եմ՝ Ռուսաստանը պետք է լուրջ վերաբերվի դրան ... Եվ կան բազմաթիվ տարբեր գործիքներ, որոնք նախագահն ունի իր տրամադրության տակ՝ համոզվելու համար, որ մեր տեսակետը լսելի է, և դրանք կարող են օգտագործվել այս կոտորածը դադարեցնելու համար», - հայտարարել է Բրյուսը;
Մինչ ԱՄՆ-ից և՛ սպառնալիքներ, և՛ հորդորներ են հնչում, Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ առաջիկայում կհայտարարեն ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վայրի մասին: Սերգեյ Լավրովը հիշեցրել է Մոսկվայի պահանջները՝ խնդրի կարգավորման համար Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու և միջուկային զենք ունենալու գաղափարից:
«Այս պարտավորություններին վերադառնալը Ռուսաստանի հիմնական պահանջներից մեկն է, որոնք պետք է բավարարվեն ցանկացած կարգավորման շրջանակում, ինչպես որ համաձայնեցվել է 2022-ի ապրիլին Ստամբուլի բանակցությունների ժամանակ, երբ այս սկզբունքը հանձնվեց թղթին», - ասել է Լավրովը:
Ուկրաինայի նախագահն էլ ասել է, որ Մոսկվան առաջարկել է ուղիղ բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել Բելառուսում, ինչն անընդունելի է՝ պատերազմին այդ երկրի մասնակցության պատճառով: Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ընտրել ավելի չեզոք տարածք՝ Թուրքիա, Շվեյցարիա, Վատիկան: Նա նաև առաջարկել է անցկացնել եռակողմ հանդիպում՝ իր, Թրամփի և Պուտինի մասնակցությամբ: «Եթե Պուտինը չի ցանկանում երկկողմ հանդիպում, կամ եթե բոլորը ցանկանում են, որ այն լինի եռակողմ, ես դեմ չեմ: Պատրաստ եմ ցանկացած ձևաչափի», - նշել է նա:
Կրեմլի խոսնակն, իր հերթին, հայտնել է, որ խաղաղության համաձայնագրի հուշագրի ռուսական տարբերակի վրա աշխատանքն արդեն վերջին փուլում է, իսկ բանակցությունների հաջորդ վայրը դեռ որոշված չէ: Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախագահների մակարդակով հանդիպումը պետք է լինի պատվիրակությունների միջև կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք:
«Նման հանդիպման հնարավորության շուրջ մեր դիրքորոշման մեջ որևէ սկզբունքային փոփոխություն չկա ... Շուտով նաև հայտնի կդառնան հուշագրերի՝ երկու կողմերի նախագծերը, և արդեն կանցնենք բանակցությունների հաջորդ փուլին», - նշել է Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը չի մեկնաբանել Պուտինի մասին Թրամփի վերջին հայտարարությունները, միայն շնորհակալություն է հայտնել նրա միջնորդական ջանքերի համար:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ պնդել է, թե Թրամփի հայտարարությունները վկայում են, որ Սպիտակ տանը նրան պատշաճ չեն տեղեկացնում, թե ինչ է իրականում տեղի ունենում, ինչպես են հարվածում ուկրաինացիները. - «Թրամփը գիտի միայն մեր պատասխան գործողությունների մասին: Ավելին, նա լիովին չի հասկանում, որ մենք հարվածում ենք բացառապես ռազմական ենթակառուցվածքների»:
Այս ֆոնին Գերմանիան ևս 5 մլրդ եվրո օգնություն է տրամադրում Ուկրաինային: Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլերը Բեռլինում նաև հայտարարել են, որ երկու երկրները միասին մեծ հեռահարության հրթիռներ կարտադրեն:
«Հեռահարության սահմանափակում չի լինի: Սա Ուկրաինային հնարավորություն կտա իրեն լիարժեք պաշտպանել, այդ թվում`իր տարածքից դուրս ռազմական թիրախների դեմ», - ասել է Ֆրիդրիխ Մերցը:
Կանցլերն ընդգծել է, որ վերջին երեք շաբաթում դիվանագիտական շատ աշխատանք է արվել պատերազմը դադարեցնելու համար, և հույս է հայտնել, որ Ռուսաստանը լուրջ կվերաբերվի այս ջանքերին և կրկին կգա բանակցելու:
Կրեմլի խոսնակը հրթիռների համատեղ արտադրությունը Գերմանիայի կողմից անպատասխանատու և սադրիչ քայլ է որակել, որն, ըստ Պեսկովի, է՛լ ավելի կբորբոքի պատերազմը:
Իսկ ռազմական իրադրությունը մնում է լարված: Ռուսական կողմը հայտարարել է, որ առաջ է ընթանում գրեթե բոլոր ուղղություններով և ևս երկու բնակավայր է վերցրել: Ռուսաստանը հարվածել է Խարկովին, Կիրովոգրադին և այլ շրջանների, կա մեկ զոհ, մի քանի վիրավոր:
Ուկրաինական զինուժն էլ անօդաչուներով հարձակվում է Մոսկվայի և այլ քաղաքների վրա: Մերձմոսկվայում հարվածել են անօդաչու արտադրող գործարանի: Չեղարկվել են որոշ չվերթներ, ժամանակավորապես փակվել են Մոսկվայի և Կալուգայի օդանավակայանները: Մոսկվա թռչող ավելի քան 50 ինքնաթիռ ստիպված վայրէջք է կատարել այլ քաղաքներում: