ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին կոչ է արել կառուցողական և բարի կամքի վրա հիմնված երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ։ Երեկ պաշտոնյաների միջև կայացած հեռախոսազրույցի մանրամասներն է փոխանցել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։
«Ռուբիոն ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 1000-ը 1000-ի դիմաց գերիների փոխանակումը։ Պետքարտուղարը կրկնել է նախագահ Թրամփի կոչերը Ուկրաինայի հետ կառուցողական, բարի կամքի վրա հիմնված երկխոսություն սկսելու վերաբերյալ՝ որպես այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհ», - ասել է ամերիկացի պաշտոնյան։
Երեկ կայացած հեռախոսազրույցից հետո Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային հրավիրել է հանդիպել Ստամբուլում ՝ հունիսի 2-ին շարունակելու բանակցությունները։ ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան մշակել է Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագիր, որը կներկայացնի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։