«Հայաստան-Ադրբեջան նոր սրացում, նոր պատերազմ չի լինելու: Լինելու է խաղաղություն»,- խորհրդարանում 2024 թվականի կառավարության ծրագրի եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմաների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի անթույլատրելիությունը: Դա, ըստ Փաշինյանի, արվել է ոչ միայն քաղաքական, այլև իրավական մակարդակում, քանի որ երկու երկրների միջև պետական սահմանի սահամանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգն այլևս երկու երկրներում բարձրագույն իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է:
Կողմերը, այդ փաստաթղթում Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունելով իբրև սահմանազատման բազային սկզբունք, ըստ վարչապետի, այդ հռչակագիրը, ըստ էության, դարձրել են հարաբերությունների կարգավորման հիմք:
Հռչակագրում խորհրդային հանրապետությունների սահմանների անխախտելիությունը, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն ու ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքներն են բազային. Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանի կառավարությունը չի անելու գործողություններ, որոնք հակասում են այս տրամաբանությանը: Նա կոչ արեց նույնն անել Ադրբեջանին:
«{Խաղաղության պայմանագրի} տեքստը համաձայնեցված է, մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին: Եվ մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան- Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին», - հավելեց նա:
Ի տարբերություն վարչապետի՝ արտգործնախարար Միրզոյանը թուրքական լրատվամիջոցներին օրերս տված հարցազրույցում չի բացառել էսկալացիան: Միրզոյանը նշել է՝ տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու մեջ և իրականում պատրաստակամ չէ խաղաղություն կառուցելու։
«Մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը, ցավոք, կարող է հանգեցնել նաև գետնի վրա էսկալացիայի», - ասել էր նախարարը։
Մոտ մեկ շաբաթ առաջ Բաքվում էսկալացիայի հավանականությունը չէր բացառել նաև Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևն ասել էր, թե պատերազմի վտանգը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: