Մատչելիության հղումներ

Թբիլիսին հուսով է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին, Բաքու, 16-ը ապրիլի, 2025թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին, Բաքու, 16-ը ապրիլի, 2025թ.

«Թբիլիսին հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի», - այսօր Բաքվում հայտարարեց Վրաստանի նորընտիր նախագահը։ Անցած տարեվերջին վիճահարույց ընտրություններով իշխանության եկած Միխեիլ Կավելաշվիլին նախագահի պաշտոնում առաջին արտասահմանայան այցով որոշել էր Ադրբեջան ժամանել։

Ավելի վաղ նույնն արել էր նաև Վրաստանի վարչապետը, ինչն այսօր Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևն ընդգծեց հատուկ գոհունակությամբ։
«Մենք սա շատ ենք գնահատում Ադրբեջանում։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս վրաց-ադրբեջանական հարաբերությունների էությունը, մեր ժողովուրդների բարեկամությունն ու եղբայրությունը», - հայտարարեց նա:

Ողջույնի խոսքում Իլհամ Ալիևը դարավոր բարեկամությունից բացի առանձնացրեց երկու կարևոր ուղղություն՝ Թբիլիսիի ու Բաքվի սերտ համագործակցությունն ու փոխադարձ օգնությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև էներգետիկ ու տնտեսական ծրագրերը, որոնք ձգվում են տարածաշրջանի սահմաններից դուրս։

«Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն այսօր անհնար է պատկերացնել առանց Ադրբեջանի ու Վրաստանի։ Մեզ միավորող ներդրումային ծրագրերից շատերը կարևոր են ավելի լայն աշխարհագրության համար։ Ադրբեջանի և Վրաստանի կողմից համատեղ իրականացվող նավթագազային նախագծերն ու խողովակաշարերը, տրանսպորտային և կապի նախագծերը, բառիս բուն իմաստով, մեծ նշանակություն ունեն և վերագծում են ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային և էներգետիկ քարտեզը», - ասաց Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ 20 տարի առաջ երկու երկրները Թուրքիայի հետ համատեղ գործարկեցին Բաքու-Թբիլիսի -Ջեյհան նավթամուղը, որն ադրբեջանական նավթը Վրաստանի տարածքով հասցնում է Միջերկրական ծով։ 2007-ից էլ գործում է Հարավկովկասյան գազատարը, որը կրկին Վրաստանի տարածքով ադրբեջանական գազն է հասցնում 12 երկիր։

«Եթե այսօր մենք խոսում ենք Հարավային Կովկասում «Միջին միջանցք» նախագծի մասին, ապա դա Ադրբեջանով և Վրաստանով անցնող միջանցքն է։ Մեր երկրների տարածքով անցնող բեռների ծավալը տարեցտարի աճում է, և լրացուցիչ քայլեր են ձեռնարկվում այդ ծավալն ավելացնելու համար», -

Թեև իր խոսքում Վրաստանի նախագահը հատուկ անդրադարձավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին, Իլհամ Ալիևն այդ մասին միայն հպանցիկ խոսեց։ «Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատումը նույնպես մեր ընդհանուր շահերից է բխում»,- հայտարարեց նա՝ չհստակեցնելով՝ այդ դեպքում ինչո՞ւ Բաքուն մինչ օրս չի համաձայնում օր առաջ խաղաղություն կնքելու Երևանի առաջարկներին։ Ալիևն այս հարցում միայն հույս հայտնեց՝ շրջանցելով մանրամասները. - «Ցավոք, երկար տարիներ Հարավային Կովկասը դարձել է հակամարտությունների ու պատերազմի ասպարեզ։ Հուսով եմ, որ այսուհետ Հարավային Կովկասի սև էջերը կփակվեն ու կմնան պատմության մեջ»։

Վրաստանի նախագահն իր հերթին հայտարարեց՝ իր երկիրը մշտապես և ակտիվորեն պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կավելաշվիլին նաև հարկ համարեց հատուկ ընդգծել երկկողմ հարաբերություններում խոստումները պահելու կարևորությունը՝ առանց հավելյալ մանրամասների։

«Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է վստահությունը հարաբերություններում, և գիտենք մեր խոսքի արժեքը: Մենք ունենք մի շարք չգրված օրենքներ և արժեքներ, որոնք մեզ փրկել են և հասցրել մինչև այսօր», - ասաց Կավելաշվիլին:

«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը, որ ընտրվեց անցած տարվա խորհրդարանական աղմկահարույց ընտրություններից ու զանգվածային ցույցերից հետո՝ Արևմուտքի ու Թբիլիսիի միջև սրված հարաբերությունների ֆոնին, այսօր բռնապետական կառավարմամբ հայտնի Ադրբեջանում պնդեց՝ Թբիլիսին իր որդեգրած քաղաքականությունից ետ չի կանգնելու և այդ հարցում ապավինում է նաև Ադրբեջանին։

«Ցավոք, վերջին շրջանում մեր երկրները բազմիցս են հայտնվել արտաքին ուժերի կողից երկակի ստանդարտների և ներքին գործերին միջամտելու թիրախում։ Չնայած այդ ջանքերին՝ մենք վճռականորեն վերացնում ենք այդ սպառնալիքները և ապահովում տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Անհնար է, որ ինչ-որ երրորդ երկիր կամ կազմակերպություն մեզնից լավ իմանա, թե ինչն է լավ մեր ժողովուրդների համար», - ասաց Կավելաշվիլին:

Ադրբեջանի առաջնորդի նման, Վրաստանի նախագահն էլ մի քանի անգամ կրկնեց, թե համատեղ ծրագրերով Թբիլիսին ու Բաքուն միայն իրենց երկկողմ կապերը չեն զարգացրել, այլև անփոխարինելի գործընկեր են դարձել տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար։ «Մեր մանրազնին մշակված քաղաքականությունը մեզ թույլ է տվել ճշտորեն կանխորոշել մեր տարածաշրջանի դերը», - հայտարարեց Կավելաշվիլին։

«Ճիշտ և հետևողական քաղաքականությամբ մենք պետք է լիովին օգտագործենք տարածաշրջանի ներուժը և ծառայենք որպես ամուր, հուսալի, միավորող կամուրջ աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզի վրա», - վստահեցրեց Վրաստանի նախագահը:

Անցած տարվա խորհրդարանական ընտրություններից, օտարերկրյա գործակալների մասին քննադատված օրինագծի ընդունումից հետո Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները մի շարք պատժամիջոցներ են սահմանել Վրաստանում իշխող կուսակցության նկատմամբ։ Կավելաշվիլին ու համախոհները, սակայն, պնդում են, թե արևմտյան երկրները փորձում են Վրաստանը Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշել։

«Հարավային Կովկասում ժողովուրդները պետք է ապրեն իրենց սովորույթներով և ավանդույթներով, ոչ թե ազատական արժեքներով», - այսօր Ալիևի կողքին կանգնած հայտարարեց նա՝ լիբերալ արժեքները որակելով մակերեսային։

Ադրբեջան այցից հետո՝ այս ամսվա վերջին, Կավելաշվիլին երկօրյա այցով նաև Հայաստան կգա։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG