Հայաստանի ու Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու հարցում Բաքուն Երևանից դեռ ակնկալիքներ ունի՝ այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ Սլովենիայի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում։
«Ես նշել եմ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը: Սահմանազատումն ընթացքի մեջ է, բայց հաղորդակցությունների բացման հարցը դեռևս լուծված չէ: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաև այն փաստի շուրջ, որ դեպի Նախիջևան անարգել մուտքը դեռևս չի ապահովվել», - թվարկել է Բայրամովը։
Միաժամանակ, Ադրբեջանի արտգործնախարարը դրական է գնահատել անցած շաբաթ Թուրքիայում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում կայացած հանդիպումը Հայաստանի արտգործնախարարի հետ։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: