Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գործող լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Աշխարհում չկա որևէ խաղաղության համաձայնագիր, որը պատասխաներ բոլոր հնարավոր հարցերին։ Եթե երկու հասարակություններ ունեն թշնամանքի, բախումների պատմություն, նրանք չեն կարող ամեն ինչ լուծել մեկ փաստաթղթով։ Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը, ինչպես նաև կզբաղվի բոլոր այն հնարավոր դժվարություններով և անհարթություններով, որոնք կարող են և, ամենայն հավանականությամբ, կարձանագրվեն գործընթացի ընթացքում։ Այլ կերպ ասած, մենք ձևավորում ենք գործիքակազմ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով։ Հետևաբար, ակնկալիքը, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ պետք է լուծված լինեն բոլոր հնարավոր հարցերը, մեր գնահատմամբ, ո՛չ արդարացի է, ո՛չ էլ իրատեսական», - նշել է նա։
«Բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ», - ասել է նաև արտգործնախարարը:
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, հրադադարը խախտելու մեղադրանքներ, վերջին օրերին էլ ականների հարցն է բարձրացնում՝ պահանջելով միջազգային հանրությունից պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ «տարածքներն ականներով պատելու ու ականազերծման աշխատանքները միտումնավոր խոչընդոտելու համար»։
Եվրոպական դիտորդական առաքելության մասին
Անդրադառնալով Եվրոպական դիտորդական առաքելության վերաբերյալ հարցին՝ Միրզոյանը նշեց, որ առաքելության մանդատը հիմնականում ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն, ինչպես նաև սահմանի երկայնքով կայունության ապահովմանը։ Եվ հենց որ խաղաղության պայմանագիրը կնքվի և ուժի մեջ մտնի, նման առաքելության անհրաժեշտություն այլևս չի լինի։
«Հենց որ սահմանի երկայնքով կայունություն հաստատվի, դա նշանակում է, որ մանդատը՝ առաքելությունն, ավարտված է, և այլևս որևէ հավելյալ ներգրավվածություն անհրաժեշտ չի լինի։ Սակայն, ընդհանրապես, կարծում եմ՝ հիմնական խնդիրը հենց Ձեր հարցում է։ Ոչ թե Սահմանադրությունը, ոչ թե Մինսկի խումբը, ոչ էլ որևէ այլ բան։ Խնդիրն այն է, որ երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։ Թե ինչ հաշվարկներից ելնելով՝ չեմ կարող ասել, բայց մենք իսկապես մտահոգություն ունենք, որ նրանք չեն ցանկանում ավարտին հասցնել կարգավորումը, չեն ցանկանում ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը», - ասել է Միրզոյանը։
ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել երկու տարի առաջ՝ 2023-ի փետրվարի 20-ին։ Այս տարվա հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։
Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը մեղադրում են «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ: Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։
Սահմանադրությունը փոխելու ադրբեջանական կողմի պահանջի մասին
Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու ադրբեջանական կողմի պահանջի վերաբերյալ հարցին, Միրզոյանը դարձյալ հղում անելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի որոշմանը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։
Միրոզյանը ասել նաև, որ «մենք տեսնում ենք և ունենք մեր սեփական մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ»:
Ընդգծելով, որ խաղաղության համաձայնագրով կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին, և որոնք հետագայում դարձել են միջազգային ճանաչում ստացած սահմաններ, Հայաստանի ԱԳ նախարարն ասաց. - «Եթե մենք ստորագրենք այս պայմանագիրը և այն ուղարկվի վավերացման, ապա այդ գործընթացի շրջանակներում այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության, կարծիքի համար։ Եթե մեր Սահմանադրական դատարանն արձանագրի, որ այդ կետը, այդ ձևակերպումը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը՝ այսինքն, չի պարունակում որևէ տարածքային հավակնություն սահմաններից դուրս, ինչն ընդունելի է ադրբեջանական կողմի համար և միջազգային հանրության կողմից ճանաչվածն է, ապա դա նշանակում է, որ որևէ խնդիր չկա։ Այսպիսով, պատասխանը, լուծումը խաղաղության պայմանագրից դուրս չէ, այլ հենց դրա ներսում է։ Իսկ հարցի հասցեագրման ամենակարճ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է», - ընդգծել է Միրզոյանը։
Տևական ժամանակ է՝ ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ:
Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ:
«Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ»
Անդրադառնալով օրերս Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը՝ Միրզոյանը ներակայցրել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել են հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։
«Այսինքն, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար, որ մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանն իբրև նպատակ ինքնին, այլև մեծածավալ առևտրին, որն իրական հնարավորություն է երկու երկրների միջև», - նշել է Միրզոյանը։
Արտգործնախարարը նշել է, որ քննարկել են նաև համատեղ էներգետիկ նախագծեր, տարանցման հնարավորություններ։
«Անդրադարձել ենք միջազգային հարթակներում համագործակցության թեմային, քանի որ իրականությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում, մասնավորապես Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ։ Այսինքն, կան բազմաթիվ հնարավորություններ»։