Արտգործնախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ արցախցիների հարցը բանակցային օրակարգում չի կարող լինել, քանի որ Ղարաբաղում այլևս հայություն չկա: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս մասին հայտարարեց այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությանը:
«Փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո և հատկապես և նաև իրենց ինքնալուծարման վերաբերյալ էդ հանրահայտ փաստաթղթից, հռչակումից հետո դա, էդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել՝ էն պարզ պատճառով, որ էնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք», - ասաց Միրզոյանը:
Օրերս «Ազատության» հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հարցը բանակցային օրակագրից դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո: Այս հայտարարությունը սուր քննադատության էր արժանացել վերլուծաբանների և ընդդիմադիր ուժերի կողմից:
Ի պատասխան իշխանության հասցեին հնչած քննադատություններին՝ Արարատ Միրզոյանն այսօր կրկին պնդեց, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արել է արցախցիների իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու համար, սակայն Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցություններից, այդ թվում, ըստ Միրզոյանի, Հայաստանի խորհրդարանական ընդդիմության դրդմամբ:
«Է հանրահայտ չի՞, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց, օրինակ, մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում: Այսինքն ձեռ ե՞ն առնում, ես չեմ հասկանում, էս հարցերի պատասխանը լրջորեն պիտի տրվի՞ վերջը, թե՞ չէ: Ինչքա՞ն կարելի է անընդհատ իրանց եղած նույն թերթերի միջոցով ասել՝ Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին: Հիմա գիտե՞ք ինչ են ասում, ասում են՝ Ղարաբաղը Հայաստանի կառավարությունը լուծարեց: Լավ էդքան կարճ է՞ մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում», - ընդգծեց նախարարը:
Տասնամյակներով Ղարաբաղյան հակամարտությունն ուսումնասիրող «Անի» կենտրոնի հիմնադիր, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, ավելի վաղ արձագանքելով Հայաստանի արտգործնախարարության վերոհիշյալ պնդմանը, այն իրականությանը չհամապատասխանող էր որակել: Վերլուծաբանը, հղում անելով իր վստահելի աղբյուրներին, պնդել էր, որ Արցախի այն ժամանակվա իշխանությունները Սոֆիա գնալու հետ կապված երկու դժվարություն են ունեցել՝ առաջինը՝ այդ հանդիպումը նախաձեռնող ԱՄՆ-ն առաջարկել էր դրա մասին տեղյակ չպահել ռուսներին, և երբ նրանք տեղեկացել էին, Ստեփանակերտին խորհուրդ չէին տվել մասնակցել: Երկրորդ լուրջ հանգամանքը, որի պատճառով Արցախի իշխանությունները Սոֆիա չեն մեկնել, ըստ վերլուծաբանի, Բաքվից հնչող վերջնագրեր էին: Բաքուն Ստեփանակերտի հետ միայն մեկ հարց էր ուզում քննարկել՝ Ղարաբաղի ինտեգրումը Ադրբեջանի կազմում: Հակոբյանը հիշեցրել էր՝ Սոֆիայի հանդիպման ձախողումից հետո, արդեն 2023-ի օգոստոսին Բրատիսլավայում նախատեսված հանդիպումը մերժել էր հենց Ադրբեջանը:
«Արցախյան կողմն է հիմնականում մերժել Սոֆիայի հանդիպումը: Բայց նաև փաստ է, որ արդեն օգոստոսի 1-ին նախատեսված՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի հանդիպումն ուղղակիորեն մերժվել է Ադրբեջանի կողմից, հետևաբար, ամբողջ պատասխանատվությունը բարդել արցախյան կողմի վրա՝ ես համարում եմ ոչ միայն անարդարացի, այլև ճիշտ չեմ համարում, այսինքն՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - «Ազատությանն» ասել էր Հակոբյանը:
Ի դեպ , այսօր խորհրդարանում Արարատ Միրզոյանը Բրատիսլավայի հանդիպման ու Բաքվի կողմից այն մերժելու մասին ոչինչ չասաց:
«Երբ որ ասում էինք, որ նշաձողը իջեցնել է պետք, և էդ դեպքում մենք կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության մեջ, մեզ էլի մեղադրում էին հողեր ծախելու մեջ, և այլն: Շատ լավ կլիներ, որ հիմա ստեղ լինեին ձեր ընդդիմադիր գործընկերները, և էս խոսակցությունը իրանց հետ գնար, բայց ոնց հասկանում եմ՝ կռվել եք երևի էլի նեղացել գնացել են», - ասաց արտգործնախարարը:
«Շատ բարիդրացիական մթնոլորտում գնացել են, չեն կռվել», - արձագանքեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Ի դեպ, խորհրդարանական ընդդիմությունն այսօր ամբողջ կազմով չէր մասնակցում Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին:
«Բոյկոտ չէ, անհրաժեշտություն չենք տեսել՝ չենք մասնակցում», - «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը, որ սովարաբար թեժ մթնոլորտում է անցնում՝ հաճախ վերածվելով սուր վիճաբանության վարչապետի և ընդդիմադիր պատգամավորների միջև, այսօր շատ միապաղաղ էր: Կառավարությանը հարց տալու համար գրանցվել էր ընդամենը 7 իշխանական պատգամավոր: Նրանցից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին հարց չտվեց: