Մատչելիության հղումներ

Մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը. ինչ է սպասվում, ինչ է հայտնի


Փաշինյանն ու Ալիևը՝ Կազանում. ըստ քաղաքագետի՝ Երևան-Բաքու հարաբերությունները քննարկման առարկա կդառնան

Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարստանի մայրաքաղաքում մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը, որ կշարունակվի մինչև հոկտեմբերի 24-ը, դրան կմասնացկի նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, Կազան ամենայն հավանականությամբ կմեկնի վաղը ուշ երեկոյան՝ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցելուց հետո:

Օրերս Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Կազանում BRICS-ի աշխատանքներին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կշփվեն գագաթնաժողովի շրջանակներում՝ հայտնի չէ:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններն ամեն դեպքում քննարկման առարկա կդառնան։

«Ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ մասնակցության բուն շարժառիթը արևմտյան ուղղությամբ քաղաքականության և դրան միտված վարքագծի հավասարակշռելն է, և դա պայմանավորված է թերևս նրանով, որ Երևանը բավական երկար ժամանակ գտնվում է արևմտյան փափուկ ուժի ճնշման ներքո՝ կապված հայ-ադրբեջանական այսպես կոչված՝ խաղաղության գործընթացի հետ։ Ինչ վերաբերում է անմիջականորեն քննարկվող հարցին՝ արդյոք հայ-ադրբեջանական շփումներ կլինեն, ես կարծում եմ՝ կուլիսներում հարցը, անկասկած, լինելու է, իսկ կլինի արդյոք հանդիպում Փաշինյան-Ալիև ձևաչափով, սա թերևս կախված է նրանից, թե արդյոք կլինի նրանց միջև որևէ առարկայական հարցի շուրջ համաձայնության գալու հնարավորություն», - ասաց նա։

Ովքեր են արդեն ժամանել Կազան

Արդեն իսկ Կազան են ժամանել Հարավային Աֆրիկայի նախագահը, Եթովպիայի, Եգիպտոսի վարչապետները, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Վերջին երկուսի հետ Պուտինն արդեն իսկ հանդիպել է։

Չինաստանի նախագահի դիմավորման արարողությունը
Չինաստանի նախագահի դիմավորման արարողությունը
Հնդկաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը
Հնդկաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը

«Կազանում մենք պետք է մի շարք կարևոր որոշումներ ընդունենք՝ ուղղված միության գործունեության հետագա կատարելագործմանը և բազմակողմանի համագործակցության ամրապնդմանը», - ասել է Պուտինը։

Մոդին հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի իրավահավասար, փոխշահավետ հարաբերություններն օրինակելի են, իսկ ռուս- չինական համագործակցությունը համաշխարհային ասպարեզում կայունացնող գործոն է:

Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները
Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները

Պուտինի ուղե՞րձն է գագաթնաժողովը, թե՞ ոչ

Վերլուծաբանները նշում են, որ BRICS-ի 16 -րդ գագաթնաժողովը նաև Պուտինի յուրօրինակ ուղերձն է Արևմուտքին, որ
Մոսկվան մեկուսացած չէ համաշխարհային հարթակում, թեև Ուկրաինա ներխուժման պատճառով Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը համաձայն չէ. - «BRICS հարթակը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան Պուտինը հայտնվել է արևմտյան մեկուսացման մեջ, հետևաբար այդ հարթակը կապել անմիջապես այդպիսի դրսևորման հետ, ես կարծում եմ, այդքան էլ իրատեսական չէ, այլ հարց է, որ BRICS հարթակն այսօր մեծ հաշվով վերածվել է բազմաբևեռ աշխարհի մարինացման։ Եվ այստեղ խնդիրն ամենևին այն չէ, որ դա գործիք է Պուտինի ձեռքին, որովհետև BRICS-ում կան խաղացողներ, որոնք ամենևին այդ կարգավիճակում չեն։ BRICS-ում կա Չինաստան, կա Հնդկաստան, արդեն անդամ է դարձել Միացյալ Էմիրությունները, որ առնվազն ռեգիոնալ առումով բավական բարձր դերակատար է, և այստեղ BRICS անդամներին մեծ հաշվով միավորում է հենց այդ հանգամանքը, այսինքն՝ բոլորը բազմաբևեռ աշխարհի շահառու են»։

Ի՞նչ է BRICS -ը

BRICS -ը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից և այդ երկրների անվանումների առաջին տառերի միավորումով սկզբում կոչվում էր BRIC: BRICS-ի այն վերածվեց 2011 թվականին, երբ խմբին միացավ Հարավային Աֆրիկան: Այս տարվա հունվարին տեղի ունեցավ ամենախոշոր համալրումը՝ անդամ դարձան նաև Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան։ Կազանի 16 -րդ գագաթնաժողովն առաջինն է, որին կմասնակցեն նաև նոր անդամները:



BRICS-ի նոր ընդլայնված խումբն ունի մոտ 3,5 միլիարդ բնակչություն, դա աշխարհի բնակչության 45 տոկոսն է, և մոտ 28,5 տրիլիոն դոլարի տնտեսություն, ինչը համաշխարհային տնտեսության մոտ 28 տոկոսն է:




XS
SM
MD
LG