Մատչելիության հղումներ

Պուտինն ու Փաշինյանը BRICS-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան


Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը, արխիվ
Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում, РИА Новости-ին ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք BRICS+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերի ընդունումն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։

«Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփման հնարավորություններ կունենան, բայց թե ինչ ձևաչափով և ինչ օրակարգով կախված կլինի այս միջազգային ֆորումի ծրագրից, որը կլինի շատ ինտենսիվ»,- նշել է Կոպիրկինը` պատասխանելով հարցին, թե ռուս-հայկական շփումներ նախատեսվում են Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում:

Դեսպան Կոպիրկինը շեշտել է նաև, որ ռուսական կողմը կարող է օգնել Երևանին, եթե ասոցիացիայի հետ երկխոսություն սկսելու որոշում հասունանա, հավելել, որ Երևանի և Բաքվի ապագա հնարավոր կապը BRICS-ին կարող է դրական ազդեցություն ունենալ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

Սեպտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր չէ ինտեգրվել BRICS-ին։

  • Ակնկալվում է, որ Կազանում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն 38 երկրների 34 ներկայացուցիչներ։

XS
SM
MD
LG