Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը։
Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։
Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության՝ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն մոլորակի ամենասուր ճգնաժամերը, գլոբալ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցեր, խնդիրներ քաղաքականության և անվտանգության, տնտեսության և ֆինանսների, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև նոր պետությունների ընդգրկումը BRICS-ի աշխատանքներում։
Հինգ երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի խումբն ընդլայնվելու գործընթաց է սկսել։
Սեպտեմբերին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ ինտեգրվել BRICS-ին։
Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ այս գագաթնաժողովին կմասնակցի 36 երկիր և 6 միջազգային կազմակերպություն, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Կազմակերպությունն ունի կայուն և հուսալի հեռանկարներ», - գագաթնաժողովից առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով․ - «Մենք իսկապես ունենք ընդհանուր արժեքներ, պատկերացում, թե ինչպես կառուցել հարաբերություններ միմյանց հետ»։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Պուտինի օրակարգը խիտ է, շուրջ 15 երկկողմ հանդիպում է նախատեսված։
Միջոցառումները կմեկնարկեն այսօր երեկոյան Կազանի քաղաքապետարանում՝ ընկերական ընթրիքով: