Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանն արձագանքեց Գյումրիի արտահերթ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, թե իր առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքը անհրաժեշտ քվեներով կաջակցի Կոմկուսի թեկնածու Ղուկասյանին, որպեսզի վերջինս քաղաքապետ ընտրվի:
Ղուկասյանը նշեց, որ անցած օրերին Գրիգորյանի կամ նրա համակիրների հետ հանդիպումներ ու քննարկումներ չեն եղել:
«Ոչ մեկի հետ մենք հանդիպում չենք ունեցել, ոչ մեկի հետ քննարկում չենք ունեցել: Միգուցե կլինի դիմացը, միանշանակ կլինի, մեծ հաճույքով մենք պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ հանդիպելու, դնելու, վերցնելու: Ես իրենց ինձ թշնամի չեմ ճանաչում, ես թշնամի ճանաչում եմ Ադրբեջանին ու Օսմանյան թուրքերին, ես հայ ազգի մեջ թշնամի չունեմ», - ասաց Ղուկասյանը:
Կոմկուսի թեկնածուն, անդրադառնալով Գրիգորյանի պնդումներին, հայտարարեց. - «Վանաձորի սցենարը չի կարող էստեղ կիրառվի, որովհետև այստեղ այլ բան է եղել, Վանաձորում այլ բան է եղել, այնպես որ բնակարան հատկացնելու համար, որ մարդիկ բնակարան են կառուցել, դրա համար 60 հոդվածի հետ կապված մենք բացատրությունն ունենք և դրանով քաղաքապետը երբեք չի կարող մեղադրվել: Սա հերթական շոու է, որ արվել է, կտեսնեք, որ ամեն ինչ կարվի հանգիստ»:
Մարտուն Գրիգորյանն այսօր տարածած իր հայտարարությունում գրել էր. - «Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։ Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխալված լինեմ»
Գրիգորյանը նկատի ունի Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որը 2021-ին թեև ամենաշատ ձայներն էր ստացել, բայց քաղաքապետարան վերադառնալ այդպես էլ չկարողացավ, քանի որ ընտրություններից մի քանի օր անց կոռուպցիոն մեղադրանքներով բանտում հայտնվեց:
«Ազատության» հարցին՝ «ավագանու նիստին կարո՞ղ է անակնկալ լինել, օրինակ, ՔՊ-ն կկարողանա՞ ձեր խմբակցությունից որևէ մեկին տանի», Ղուկասյանը պատասխանեց. - «Ավելի շատ իրանցից կտանենք, քան իրանք մեզանից: Ուրեմն ես էդքան թույլ մա՞րդ եմ, ինձ նայի, ապրածիս նայի»:
Ավագանու նիստում քաղաքապետ ընտրվելու համար առնվազն 17 ձայն է պետք, ու քանի որ Ղուկասյանն արդեն ունի մյուս երկու ընդդիմադիր ուժերի աջակցությունը, նրան ևս չորս ձայն էր պակասում, որը փաստացի կապահովի Գրիգորյանի դաշինքը: