Թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ին ամփոփել են մարտի 30-ին Փարաքարում և Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Այսպիսով, Փարաքար համայնքում 12 մանդատ ստանում է «Միասնություն» կուսակցությունների դաշինքը, 7՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 2 մանդատ:
Գյումրիում ՔՊ-ի մանդատները 14-ն են, Կոմունիստական կուսակցությանը՝ 8-ը, «Մեր քաղաքը» դաշինքը ստանում է 6 մանդատ, «Իմ հզոր համայնքը»՝ 3 և «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2:
Փարաքարում հաղթած ուժի համայնքապետի թեկնածուն ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանն է: «Քաղաքացիական պայմանագրի» պարտված թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը ընտրությունների հաջորդ օրը շնորհավորեց մրցակցին հաղթանակի կապակցությամբ:
Գյումրիում պատկերն այլ է. ավագանու առաջին նիստում Կոմկուսի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին ընտրվելու համար առնվազն 17 ձայն է պետք, հաշվի առնելով ընդդիմադիր մյուս երկու ուժերի աջակցությունը՝ Գյումրիի նախկին քաղաքապետին ևս չորս ձայն էր պակասում, որոնք էլ, ինչպես 2 օր առաջ հայտնեց Մարտուն Գրիգորյանը, կապահովի նրա առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքը: