Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը կգումարվի ապրիլի 16-ին, «Ազատությանը» փոխանցեցին ընտրատարածքային հանձնաժողովից: Առաջին նիստում 33 հոգանոց ու 5 ուժից բաղկացած ավագանին քաղաքապետ կընտրի:
Ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանի երեկվա հայտարարությունից արդեն պարզ է, որ 13 տարվա ընդմիջումից հետո քաղաքապետի պաշտոնում կընտրվի Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանը: Ավագանի անցած մյուս երեք ընդդիմադիր ուժերը կապահովեն անհրաժեշտ ձայները, իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» ստացած 14 մանդատները բավարար չեն միայնակ քաղաքապետ ընտրելու համար:
Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը 90-ականների վերջից մինչև 2012 թվականը ղեկավարած Վարդան Ղուկասյանը վստահ է, որ առաջին նիստում անակնկալներ չեն լինի. «Մենք ավելի շատ իրենցից կտանենք, քան իրենք մեզնից: Ուրեմն, ես էդքան թույլ մարդ եմ, հա՞: Ապրածիս նայի հլը: Ուրեմն ՔՊ-ն կարող է ինձանից մարդ տանել, մենք իրենցից չե՞նք կարող տանել»:
Քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը՝ Վարդան Ղուկասյանը միաժամանակ արդեն հայտարարում է է, որ պահելու է սուբորդինացիան:
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ապօրինի հարստացման գործերով անցնող 64-ամյա Ղուկասյանը հաստատեց՝ փոխքաղաքապետի պաշտոնը ոչ մի ուժի չի տա, դա բացատրում է իր հնարավոր ձերբակալությամբ ու ասում, որ իր բացակայության պայմաններում միայն իր մտերիմին է վստահում քաղաքի կառավարումը: Ավելին՝ բացահայտեց, թե ում է առաջարկելու այդ պաշտոնը՝ իր դստեր ամուսնուն, որը Կոմկուսի ցուցակի երկրորդ համարն է:
«Առաջին փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Առաքելյանը», - ասաց նա:
Մի պաշտոն էլ առաջարկեց իրեն աջակցող «Իմ հզոր համայնք» դաշինքը գլխավորող, գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին. «Մշակույթը բաժինն ինքը ղեկավարի, շատ լավ կլինի»:
Ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանը, որ սպանությամբ ուղեկցված ընտանեկան ու քաղաքական վաղեմի հակամարտություն ունի Ղուկասյանի հետ, երեկ հստակ ընդգծել էր, որ Գյումրիի նախկին քաղաքապետին սատարելու որոշումն իր համար ծանր է եղել: Գրիգորյանը միաժամանակ Ղուկասյանին ամենախոցելի թեկնածուն էր որակել՝ նրա դեմ հարուցված գործերի պատճառով:
Բացի պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ապօրինի հարստացման գործերից, Ղուկասյանին առնչվող մի վարույթ էլ հարուցվել է այս երեքշաբթի: Դրանով նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Հավաքին մասնակցելուն հարկադրելու հոդվածով հարուցված վարույթը քարոզարշավի վերջին օրերին տարածված մի ձայնագրության հետքերով է, որում ենթադրաբար Ղուկասյանը սպառնալիքներ ու հայհոյանքներ է տեղում Գյումրիի շուկաներից մեկի աշխատողների հասցեին՝ հեռախոսի մյուս կողմում գտնվող անձին հանձնարարելով նրանց հետ հանդիպում կազմակերպել:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ հենց այս վարույթի շրջանակներում իրեն կկալանավորեն, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Դա այդտեղ եղած-չեղած մի հաշիվ է, ավելի լուրջ խնդիրներ կան, թող մտածեն՝ 388 եկեղեցիները, որ թուրքերին տվել են, թող մտածեն 12.500 քառակուսի մետր հողերը, որ տվել են թուրքերին, և այնքան նմանատիպ խնդիրներ կան: Այդ ձայնագրությունը նախ թող մտածեն, Նիկոլ Փաշինյանը խոսում էր ադրբեջանական լեզուն, դրա համար ի՞նչ են մտածում: Դա արհեստական բանականություն, թող, խորանան, կտեսնեն, որ շատ հարցեր...»:
Գյումրիի ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփվելու են վաղը, մանդատները նորընտիր ավագանու անդամները կստանան ապրիլի 14-ին: