Մատչելիության հղումներ

Կարապետյանի փաստաբաններն ու աջակիցները շարունակում են պնդել՝ մեղադրանքը քաղաքական է


«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը երկարաձգելու հարցով նիստը արդեն 5 ժամից ավելի է ընթանում:

Ժամեր անց ընդմիջման դուրս եկավ փաստաբաններն մանրամասնեցին, որ դատախազները և քննիչները նիստի ընթացքում պնդել են, որ Կարապետյանն ազատության մեջ չպետք է գտնվի, քանի որ կխոչընդոտի գործի քննությանը, կթաքնվի նախաքննական մարմնից: Փաստաբաններն ասացին, որ իրենք էլ իրենց հակափաստարկներն են ներկայացրել՝ պնդելով, որ այս գործը շինծու է, քաղաքական հետապնդում: Նրանք նաև ասել են, որ Կարապետյանը որևէ հանցագործություն չի կատարել:

«Վեց պաշտպաններից երեքն արդեն իրենց դիրքորոշումը հայտնել են, մնաց երեք պաշտպանների դիրքորոշումը։ Քննչական խումբը բաղկացած է 53 քննիչներից, դատարան ներկայացել են երեք քննիչներ երեկ, այսօր ներկայացրել է նաև հսկող դատախազը։ Իրենք պնդում են, որ առկա է հիմնավոր կասկած վերագրվող արարքներում, նաև առկա են բոլոր հիմքերը օրենքով նախատեսված, այն է՝ փախուստի դիմելու հավանականությունը, հանցանք կատարելու հավանականությունը և ապացուցման գործընթացին խոչընդոտելու հավանականությունը», - նշեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Նա այդ հայտարարությունները որակեց «ակնհայտ չպատճառաբանված սուբյեկտիվ դատողություններ»:

Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման համակարգող, գործարար եղբորորդի Նարեկ Կարապետյանը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում՝ այս գործին ներգրավելու միջազգային հանրության ուշադրությունը. «Կա նաև Եվրոպայի հանձնաժողովի պատասխանը, որ հետևում են պրոցեսին։ Իրենք հետևում են, բայց շատ կարևոր է, իհարկե, մեր հասարակության ռեակցիան։ Այս ամեն ինչը արվել է, որ մեր հասարակության հույսերը ջարդվեն, որ բոլոր հակազդեցությունների օջախները կարողանան զրոյացնել, բայց դա չի լինելու:

Այս ամեն ինչի պատճառը միայն ներքաղաքական է»։

Երեկ սկսված ու 11 ժամ ձգված փակ նիստից հետո Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց՝ 52 հոգանոց խմբից բաղկացած քննիչների միջնորդությունն աղերս չունի իրավաբանության հետ. «Իրենք չէին ներկայացնում դիրքորոշում, իրենք ուղղակի թղթից կարդում էին՝ մի թղթից, որը բովանդակային առումով որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ»:

Թե որքան կտևի այս նիստը հայտնի չէ, Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է քննությունը, որի արդյունքում կորոշի՝ թողնել արդեն 4 ամիս անազատության մեջ գտնվող միլիարդատիրոջը կալանքի տակ, թե՝ ազատ արձակել:

Քննչականն արդեն երկրորդ անգամ է միջնորդություն ներկայացնում դատարան:

Ամռանը Ռուսաստանից Հայաստան եկած Կարապետյանն իրավապահների թիրախում հայտնվեց, երբ քննադատեց վարչապետի գլխավորությամբ եկեղեցու դեմ սկսված արշավը:

Գործարարի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացրին՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը:

Մանրամասն՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG