Դատարանն այսօր քննում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը։
Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար։ Ամիսներ առաջ նա պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին, արտահայտություններ հնչեցրել, օրինակ, որ «մենք մեր ձևով կանենք», դա իրավապահները որակել էին հանցագործություն, նրան ձերբակալել, ապա՝ կալանավորել։
Գործարարի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացրեցին՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը:
Ընդ որում, երեկ՝ կալանքի երկարաձգման հարցով նիստի նախօրեին, Քննչական կոմիտեն ևս մեկ դրվագ ավելացրեց փողերի լվացման հոդվածին: Թե կոնկրետ տնտեսական ու ֆինանսական ինչ սխալներ է թույլ տվել գործարարը, Քննչականը չի մանրամասնում:
Հայտնի է, որ այսօրվա միջնորդությունն առնչվում է այս երեք հոդվածներին էլ:
Այսօրվա դատական նիստից առաջ մամուլի ասուլիսով հանդես եկավ միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը և պնդեց, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, ինքը իր տեղի թիմով դիմելու է Եվրամիությանը, որպեսզի ԵՄ-ն ընդունի, որ Հայաստանը ունի քաղաքական բանտարկյալներ, շեշտեց, որ մի երկրում, որը ժողովրդավարական ուղին է բռնել, Սամվել Կարապետյանի դատական գործը ամենաթույլն է։
Աշխարհի տարբեր երկրներում տարբեր անձանց շահերը պաշտպանած Ամստերդամը նշեց, որ Կարապետյանի գործը անգամ աֆրիկյան երկրներում իր ունեցած գործերի հետ չի կարող համեմատել, անգամ Տանզանիայում կամաչեին նման գործ ունենալու համար։
Միջազգային փաստաբանն անընդհատ շեշտում էր, որ մարդը կալանքի տակ է Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելու համար. -«Կալանավորվել է, երբ գտնվում էր Հայաստանում հոր քառասունքին մասնակցելու համար։ Այսինքն՝ քաղաքական ցույց չէր կամ ակցիա։ Ելնելով իր խոսքերի համատեքստից, միանգամայն պարզ է, որ մտքով անգամ չէր անցել ակնարկել Կառավարության տապալումը»:
«Ըստ 18-րդ հոդվածի՝ միանգամայն հստակ է, որ մեղադրականը ներկայացված է անբարեխիղճ։ Նախքան հունիսի 17-ը պարոն Կարապետյանը քրեական գործով անգամ որպես վկա հանդես չի եկել։ Մեկ էլ հանկարծ մի շատ իրեն անապահով զգացող վարչապետ, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որը կրոնական ծեսի է մասնակցում իր հոր հիշատակին», - ասաց Ամստերդամը՝ շարունակելով. - «Մարդ գերլարում պետք է դրսևորի, որ նույնիսկ փորձի հասկանալ, թե ինչ վախով է առաջնորդվել վարչապետը նման անհեթեթ մեղադրանք ներկայացնելու համար։ Երևակայության մեջ չի տեղավորվում, որ Հայաստանը զբաղվում է քաղաքական բանտարկյալներ պահելով։ Մենք Եվրամիությանն ենք դիմելու պահանջով, որ Հայաստանին դատապարտեն քաղաքական բանտարկյալներ պահելու [համար]»։
«Երեկ Սամվելին հանդիպելու առիթ ունեցա։ Կարող եմ ասել, որ ամուր մարդ է և ոգին տեղն է։ Արդեն 110 օրից ավելի նստած է բավական խիստ պայմաններում։ Պայմանները վերաբերում են բանտի պայմաններին, որևէ ակնարկ չկա քրեակատարողական աշխատակիցների հասցեին», - նաև ասաց միջազգային փաստաբանը:
Իր խոսքի հենց սկզբում Ամտերդամն ընդգծեց. - «Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերերի հետևից է ընկել՝ մեկը Ռուբեն Վարդանյանն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանը։ Բոլորը պետք է իրենց հարց տան՝ ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը Հայաստանում նստած։ Բացարձակապես անմեղ մարդ»։
Միջազգային փաստաբանը քննադատեց Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին Սամվել Կարապետյանի այս գործի համար, պնդելով, որ նրանք վարչապետի մակարդակով միջամտում են այս գործին, որակումներ են տալիս, ինչը իրավաչափ չէ։
Կարապետյանի կալանքի հարցն այսօր քննում է դատավոր Վահե Դոլմազյանը, որը փաստաբանների շրջանում հայտնի է որպես այսպես կոչված քաղաքական որոշումներ կայացնող դատավոր։ Նա մի քանի հայտնի գործեր է քննում, դրանցից մեկը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործն է, և Աշոտյանը տևական ժամանակ կալանքի տակ էր, դատավորը հրաժարվում էր նրան կալանքից ազատ արձակել: