Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվել է, դատական նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 15։00-ին. «Այսօր կսկսվի դատավարության այն փուլը, երբ պաշտպանության կողմն է ներկայացնելու իր դիրքորոշումը», - լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբանական թիմից Արամ Վարդևանյանը:
Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար։ Ամիսներ առաջ նա պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին, արտահայտություններ հնչեցրել, օրինակ, որ «մենք մեր ձևով կանենք», դա իրավապահները որակել էին հանցագործություն, նրան ձերբակալել, ապա՝ կալանավորել։
Գործարարի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացրեցին՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը:
Կալանքի երկարաձգման հարցով նիստի նախօրեին, Քննչական կոմիտեն ևս մեկ դրվագ ավելացրեց փողերի լվացման հոդվածին: Թե կոնկրետ տնտեսական ու ֆինանսական ինչ սխալներ է թույլ տվել գործարարը, Քննչականը չի մանրամասնում:
Այսօրվա դատական նիստից առաջ մամուլի ասուլիսով էր հանդես եկել միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը և պնդել, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, ինքը իր տեղի թիմով դիմելու է Եվրամիությանը, որպեսզի ԵՄ-ն ընդունի, որ Հայաստանը ունի քաղաքական բանտարկյալներ, շեշտեց, որ մի երկրում, որը ժողովրդավարական ուղին է բռնել, Սամվել Կարապետյանի դատական գործը ամենաթույլն է։