«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Վերաքննիչ դատարանը պաշտպանների բողոքը քննել ու որոշել է՝ անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը:
«Ներկայացվել էր բացատրություն և ներկայացվել էր լրացուցիչ բացատրություն այնպիսի անհերքելի օբյեկտիվ իրավական տվյալներով, որոնց պայմաններում ես անկեղծորեն չեմ կարողանում պատկերացնել՝ ինչպես էր հնարավոր անփոփոխ թողնել կալանքը որպես խափանման միջոց», - ասում է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու միակ հիմքը եկեղեցին պաշտպանող հայտնի մեկնաբանությունն է: Պնդում է նրա փաստաբաններից Արամ Վարդևանյանը: Իսկ ինչպես են հիմնավորել կալանքը երկարաձգելու որոշումը, Վարդևանյանն ասաց՝ դեռ որոշմանը չեն ծանոթացել:
«Դատական ակտն այս պահին հնարավոր չէր, որ մեզ փոխանցվեր, կփոխանցվի վաղը, բայց կարող եմ առանց, նույնիսկ, դատական ակտին առանձին ծանոթանալու ասել, որ չկա որևէ իրավական փաստարկ, որը կարող է համարվել ողջամիտ, կարող է համարվել համաչափ», - ընդգծում է Վարդևանյանը:
Կարապետյանին առաջադրվել էին մեղադրանքեր նաև փողերի լվացման, հարկերը չվճարելու և խարդախություն կազմակերպելու հոդվածներով, բայց այս մասով կալանքը երակարաձգելու հիմնավոր կասկած առաջին ատյանի դատարանը չէր տեսել: Դատախազությունը բողոքարկել էր սա Վերաքննիչում, այսօր պարզվեց՝ վերաքննիչն էլ այս մասով կասկածներ չունի, մերժել է դատախազությանը:
«Չնայած այս քաղաքական հետապնդման ռեպրեսիվ մթնոլորտին, նույնիսկ այն աստիճան, այսպես ասած, աբսուրդային էր, որ գտել էր, որ հիմնավոր կասկածն առկա չէ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է դատախազության բողոքը այդ խնդրամասով, որ բոլոր դեպքերում հաստատված համարվեր հիմնավոր կասկածի առկայությունը նաև այդ դրվագը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբանը։
Փաստաբանները կալանքի որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում։
«Անհրաժեշտ բոլոր գործողությունները կկատարվի, բողոքարկումը Վճռաբեկ ատյան, այլ դատավարական գործողություններ ևս կկատարվեն, պարզապես մանրամասների համար թույլ տվեք լրացուցիչ առանձին իրազեկել»:
Երկուսուկես ամիս է՝ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը Ազգային անվտանգության մեկուսարանում է: Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը շինծու է ու քաղաքական դրդապատճառներով,- ազատազրկվելու առաջին օրվանից պնդում են Կարապետյանի պաշտպանները:
Գործարարը Նիկոլ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց.
«Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին», - հայտարարել էր Սամվել Կարապետյանը:
Սամվել Կարապետյանին մեղադրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Ըստ պաշտպանների՝ իրավապահների միակ փաստարկն ու ապացույցն էլ կարճ տեսանյութն է:
Ոստիկանները հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տունը շրջապատեցին ու նրան ձերբակալեցին՝ Նիկոլ Փաշինյանի գրառումից ժամեր անց: Վարչապետը հրապարակային սպառնացել էր հոգևորականների բարեգործներին ընդմիշտ պասիվացնել: Սամվել Կարապետյանն ավելի ակտիվացավ: Որ նախկինում քաղաքականությամբ զբաղվելու հրապարակյին հայտարարություններ չէր արել, մեկուսարանից հայտարարեց քաղքականություն մտնելու, շարժում սկսելու ու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իր ծրագրերի մասին:
Սամվել Կարապետյանն այսօր էլ է ուղերձ հղել մեկուսարանից՝ Ֆորբսի ցանկով միլիարդատերը Հայաստանի քաղաքացիներին խոստանում է աշխատանք ու բարեկեցություն:
«Մի քանի տարում միջազգային ճանաչում ունեցող խոշոր ընկերությունները պետք է լինեն ներկայացված Հայաստանում և գործունեություն ծավալեն մեր երկրում, որի միջոցով ապահովվելու է տուրիզմի զարգացման տեմպերի որակապես նոր աճն ու նոր պայմանները: Վստահ եմ, որ այս, և մի շարք տնտեսական այլ ծրագրեր շատ կարճ ժամանակում կփոխեն մեր ժողովրդի կյանքն ու որակը, ի վերջո կդադարի արտագաղթը և կլինի արժանապատիվ աշխատանք բոլորի համար», -ասված է Կարապետյանի ուղերձում:
Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժումը կոչվում է «Մեր ձևով», հենց այն ձևակերպումն է, որի պատճառով ազատազրկվեց: