Գործարար Սամվել Կարապետյանին փողերի լվացման նոր մեղադրանք են առաջադրել: Սա «ավելի անհեթեթ է, քան նախորդը», «Ազատության» հետ զրույցում այսպես որակեց Կարապետյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը:
«Թող ինձ ոչ կոռեկտության մեջ չմեղադրեն, բայց նույնիսկ անհեթեթության աստիճանի կարող է որակվել այդ նոր մեղադրանքը», - ասաց նա:
Թե կոնկրետ ինչի համար են մեղադրում, նախաքննական գաղտնիությունից ելնելով փաստաբանը դեռ չի կարող հրապարակել. «Կարող եմ միայն ասել, որ էլ ավելի աբսուրդային մեղադրանք է ներկայացվել, քան նախկին մեղադրանքը»:
Կարապետյանին հուլիսին կալանավորեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, որպես ապացույց համարում են Փաշինյանի արշավից եկեղեցին իր ձևով պաշտպանելու մեկնաբանությունը: Հետո ավելացրին փողերի լվացման մեղադրանքը, բայց դատարանն արձանագրեց, որ Կարապետյանին մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ հիմնավոր կասկած չկա:
«Այս նոր ենթադրյալ դրվագը էլ ավելի աբսուրդային է», - ասաց պաշտպանը:
Ու թեև դատարանի որոշմանը, որ տնտեսական մեղադրանքով հիմնավոր կասկած չկա, Քննչականը չի կարճել այդ դրվագը՝ անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումը, ավելին՝ ապօրինության նոր նշաձող է սահմանել փողերի լվացման նոր մեղադրանքով: Այս մասին այսօր հայտարարել է պաշտպանական խումբը:
«Միանշանակ քաղաքական նպատակներով է, քաղաքական հետապնդում, եթե ոչ քաղաքական վրեժխնդրություն», - շեշտեց Ռուբեն Հակոբյանը:
Սամվել Կարապետյանը 4 ամիս է՝ ազատազրկված է: Կալանքի ժամկետը հինգ օրից լրանում է: Հավանաբար Գլխավոր դատախազությունը կմիջնորդի, որ նորից երկարաձգեն կալանքը, նշեց պաշտպանը. «Այդ մասին առաջինը մենք իմացանք իշխանամերձ լրատվամիջոցներից»:
Forbes-ի ցանկով միլիարդատերը Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվացավ ազատությունից զրկվելուց հետո, Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մտադրության մասին հայտնեց Ազգային անվտանգության ծառայության նկուղից: Շարժում է ստեղծել, մասնակցելու են ընտրություններին:
Եթե քաղաքական պատճառներով են ազատությունից զրկել, արդյոք սա նշանակում է, որ մինչև առնվազն ընտրություններ կպահեն Ազգային անվտանգության ծառայության նկուղում. շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը համոզված է՝ իշխանությունները Կարապետյանին բանտում այդ հաշվարկով էլ պահում են:
Մինչև «Տաշիր գրուպի» սեփականտիրոջը կալանավորելը Նիկոլ Փաշինյանը վիրավորանքերով հրապարակային սպառնաց հոգևորականների գործարարին ընդմիշտ պասիվացնել: Գործադիրի ղեկավարի այս սպառնալիքից հետո ոստիկանները շրջապատեցին Սամվել Կարապետյանի առանձնատունը: