Մատչելիության հղումներ

Իսրայելն ու ԱՄՆ-ը միասնական են «Համաս»-ի, Իրանի հարցերում. Ռուբիո


Իսրայել - ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համատեղ ասուլիսը Երուսաղեմում, 16-ը փետրվարի, 2025թ.
Իսրայել - ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համատեղ ասուլիսը Երուսաղեմում, 16-ը փետրվարի, 2025թ.

Իսրայելն ու Միացյալ Նահանգները միասնական են «Համաս»-ի համար «դժոխքի դռները բացելու», Իրանի դեմ սկսված գործը ավարտին հասցնելու հարցում, երեկ Երուսաղեմում հայտարարեց պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։

Նահանգների գլխավոր դիվանագետի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ռուբիոյի առաջին այցն է Մերձավոր Արևելք, որը տեղի է ունենում Իսրայելի և «Համաս»-ի միջև փխրուն հրադադարի ֆոնին: Պաշտպանելով Իսրայելի դիրքորոշումը՝ Մարկո Ռուբիոն հայտարարել է՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը պետք է «արմատախիլ արվի»։

Խոսելով տարածաշրջանի մասին՝ Ռուբիոն ընդգծել է այն, ինչ նախագահ Թրամփը հայտարարում էր նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Իրանը «անկայունության միակ աղբյուրն է», և Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի նկատմամբ ճնշումները հասցնել առավելագույնի, քանի դեռ այդ երկիրը միջուկային ծրագրերից չի հրաժարվել:

«Յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորման հետևում, բռնության յուրաքանչյուր գործողության հետևում, յուրաքանչյուր ապակայունացնող գործողության հետևում, այն ամենի հետևում, ինչը սպառնում է միլիոնավոր մարդկանց խաղաղությանն ու կայունությանը, ովքեր այս տարածաշրջանն իրենց տունն են անվանում, կանգնած է Իրանը», - ասել է Ռուբիոն:

Իսրայելի վարչապետը պետքարտուղարի հետ հանդիպումը գնահատել է «արդյունավետ», հայտարարելով՝ Իսրայելն ու Ամերիկան ուս-ուսի կանգնած են՝ դիմակայելու Իրանի սպառնալիքին։

«Մենք համաձայնեցինք, որ այաթոլաները չպետք է միջուկային զենք ունենան, և մենք նաև պայմանավորվեցինք, որ տարածաշրջանում Իրանի ագրեսիան պետք է հետ մղվի», - ասել է Նեթանյահուն:

Պետքարտուղարի այցից հետո Reuters-ը հաղորդեց, որ Իսրայելը ԱՄՆ-ից ծանր ռումբերի խմբաքանակ է ստացել։ Նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է զինամթերքի արտահանման արգելքը, որը սահմանել էր ԱՄՆ նախորդ նախագահի՝ Ջո Բայդենի վարչակազմը։

Ռուբիոյի մերձավորարևելյան այցից առաջ Միացյալ Նահանգների նախագահը նաև հայտարարել էր, թե Ամերիկան պատրաստ է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը։ Թրամփն առաջարկել էր, որ տեղի բնակիչները հարևան երկրներ տեղափոխվեն։

Ըստ լրատվամիջոցների, այժմ Սաուդյան Արաբիան արաբական երկրների հետ բանակցություններ է անցկացնում՝ նախագահ Թրամփի այս ծրագրին այլընտրանք մշակելու համար։ Հաղորդվում է, որ այս բանակցություններում ներգրավված են Եգիպտոսը, Հորդանանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։

Միացյալ Նահանգների նոր պետքարտուղարը, ի դեպ , ժամանելով Երուսաղեմ, երեկ այցելել է Սուրբ Հարության տաճար, որի պատկանելիության իրավունքը վերապահված է նաև Հայ Առաքելական եկեղեցուն։ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունից փոխանցում են, որ Ռուբիոյի դիմավորման արարողությանը մասնակցել են նաև հայ հոգևորականներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

XS
SM
MD
LG