Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը զգուշացնում է, որ Իրանը շարունակում է ավելացնել ուրանի արտադրության ամսական ծավալները՝ մոտենալով միջուկային զենք ունենալու համար պահանջվող մակարդակին, և Թեհրանի միջուկային ծրագիրը զսպելու համաձայնություն կնքելու համար քիչ ժամանակ է մնում:
Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցող Ռաֆայել Գրոսին ընդգծել է, որ Թեհրանը 60 տոկոս հարստացված ուրանի ամսական արտադրությունը մեծացրել է գրեթե յոթնապատիկ:
«Իրանը կունենա մոտ 250 կիլոգրամ 60 տոկոսով հարստացված ուրան, երբ առաջիկա շաբաթներին կներկայացվի ԱԷՄԳ-ի նոր զեկույցը», - հայտարարել է Գրոսին Մյունխենում Reuters-ին տված հարցազրույցում, հավելելով՝ դա հստակ նշան է, որ խնդիրը պետք է շատ լուրջ ընկալվի. - «Ահա թե ինչու եմ ես կարծում, որ մենք այլևս չպետք է ժամանակ վատնենք: Հուսով եմ՝ մենք կարող ենք վերստին կենտրոնանալ Իրան վրա»:
Այս ամիս ավելի վաղ Գրոսին կոչ էր արել Թրամփի վարչակազմին և Թեհրանին ներգրավվել երկխոսության մեջ՝ առաջ մղելու միջուկային բանակցությունները, և ընդգծել, որ այդ երկխոսությունը «բացարձակապես անհրաժեշտ է» առաջընթաց գրանցելու համար:
Իրան գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին անցած շաբաթ հայտարարել էր, թե «Ամերիկայի հետ բանակցությունները խելացի, իմաստուն, պատվաբեր չեն», քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերստին Թեհրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականություն է որդեգրել: