Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր և իր երկու նախարարների դեմ հայց է ներկայացվել Միջազգային քրեական դատարան՝ «Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետ կապված ցեղասպանությանը մեղսակից լինելու մեղադրանքով»:
Նա չի հստակեցրել, թե ով է իր և իր նախարարների դեմ գործ հարուցել:
Անցած շաբաթ Իտալիայում մի շարք ցույցեր են տեղի ունեցել, որոնց ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելով Գազայի զանգվածային սպանությունների դեմ, բազմաթիվ ցուցարարներ թիրախավորել են Մելոնիին:
Նրա կառավարությունը, որը ընդհանուր առմամբ Իսրայելի աջակիցներից է, չի խզել որևէ առևտրային կամ դիվանագիտական կապ և չի ճանաչել Պաղեստին պետությունը:
Մելոնին ասել է, որ զարմացած է ցեղասպանությանը մասնակցության մեղադրանքներից, քանի որ, ըստ նրա, իրավիճակին լավատեղյակները գիտեն, որ Իտալիան հոկտեմբերի 7-ից հետո «նոր, այսպես ասած, զենքի մատակարարումներ Իսրայելին չի թույլատրել»։