Մատչելիության հղումներ

Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց խաղաղ համաձայնության առաջին փուլին


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի կառավարություն հավանություն է տվել խաղաղ համաձայնության առաջին փուլին, համաձայն որի՝ իսրայելական բանակը պետք է նահանջի համաձայնեցված դիրքեր Գազայի հատվածում, իսկ «Համաս»-ը՝ 72 ժամվա ընթացքում ազատ արձակի իսրայելցի պատանդներին, հաղորդում է The Times of Israel-ը:

Ըստ պարբերականի՝ որոշումն ընդունվել է ոչ միաձայն. դեմ են քվեարկել մի քանի նախարարներ, այդ թվում երկու ծայրահեղ աջ նախարարները՝ ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը և ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը: Կառավարության նիստին մասնակցել են ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները և Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը:

«Այս երկու տարիներին մենք պայքարում էինք մեր ռազմական նպատակներին հասնելու համար: Գլխավոր ռազմական նպատակներից մեկը պատանդների վերադարձն է, բոլոր պատանդների՝ կենդանի և մահացած: Եվ մենք մոտ ենք այդ նպատակին հասնելուն», - հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Իսրայելն ազատ է արձակելու ցմահ ազատազրկման դատապարտված 250 պաղեստինցի բանտարկյալներին, ինչպես նաև երկու տարի առաջ «Համաս»-ի հարձակումից հետո բանտարկված 1700 Գազայի բնակիչներին: Բեն-Գվիրը պահանջել է չազատել որոշ պաղեստինցիների, ինչպես նաև, ըստ հրապարակման, վեճի է բռնվել Քուշների և Ուիթքոֆի հետ՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ում ազատ չեն արձակում ահաբեկիչներին:

Ձեռք բերված համաձայնության համաձայն՝ Իսրայելի կառավարության հավանությանը դրա արժանանալուց հետո բոլոր ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, պետք է վերականգնվի մարդասիրական օգնության ներկրումը, իսրայեցի զինվորականները պետք է հեռանան համաձայնեցված դիրքեր, իսկ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը 72 ժամվա ընթացքում ազատ կարձակի իսրայելցի պատանդներին: Իսրայելի տվյալներով՝ ողջ են 48 պատանդներից 20-ը:

Պատանդների ազատ արձակմանը զուգընթաց՝ Իսրայելը հանձնելու է պաղեստինցի բանտարկյալներին:

Ավելի վաղ «Համաս»-ի ղեկավարը հայտարարել էր Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG