Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես հավատացյալ կարգալույծ է հռչակում Ամենայն Հայոց կաթողիկոսին և պնդում՝ կարգալույծը չի կարող կարգալույծ հռչակել Տեր Արամ քահանային։
«Կտրիճ Ներսիսյանը ինքը կարգալույծ է՝ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ո՞նց կարա որևէ քահանայի կարգալույծ անի մինչև, այսինքն, դրանից հետո էլ, առաջ էլ։ Թող հանրությանը բացատրի՝ որտեղի՞ց և ինչպե՞ս ինքը ունի կին և երեխաներ», - հայտարարեց Փաշինյանը։
Երեկ է Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը կարգալույծ արել Հովաննավանքի քահանա Տեր Արամին։ Երեկվանից նա աշխարհիկ մարդ է՝ Ստեփան Ասատրյան անունով։
Վարչապետի պնդմամբ՝ հենց երեկ է Ստեփան Ասատրյանը օծվել որպես քահանա. «Որպես նոր օծված քահանա ես պատրաստ եմ և ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա։ Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ»:
Ըստ Փաշինյանի, միայն ինքը չէ, ժողովուրդն է Վեհափառին կարգալույծ արել, այն ժամանակ, երբ կաթողիկոսն իշխող ուժի հեռացումն էր պահանջում, բայց մարդիկ ընտրեցին իրենց. «Այդ ժամանակ է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ եղել, որ հայ ժողովուրդը իրեն ասել է՝ դու ո՞վ ես ընդհանրապես։ Դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում ընդհանրապես»։
Խորհրդարանական հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանն էլ ավելի բորբոքվեց և հղում անելով մամուլի հրապարակումներին հոգևոր վերնախավում գործակալ, սեռական մոլագարներ ու բոսյակներ գտավ։
«Հիմա մեկը КГБ-ի գործակալ է, մեկը քահանաների հետևից է ընկնում, ձեռ-մեռ է գցում, լռություն կատարյալ։ Լսե՛ք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Ու սրա մասին մենք պետք է լռե՞նք։ Կաթողիկոս կոչվածը՝ Գարեգինը, աղջիկ ունի՞, թե՞ չունի։ Այս հարցին պատասխանե՞լ է այդ մարդը։ Ախպերը, որ КГБ-ի գործակալ է, որևէ բացատրություն տվե՞լ է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակ է, մեկը՝ մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ի՞նչ է եղել, իրենց անձնական կյանքն է», - ասաց Փաշինյանը։
Ըստ վարչապետի, եկեղեցական վերնախավը ժողովրդին հաշվետվություն չի տալիս. «Հլը մի հատ էլ մեզ են ասում՝ նեռ, դուք ձեզ հայելու մեջ տեսե՞լ եք ընդհանրապես»։
Փաշինյանի խոսքից հասկացանք՝ նրա հոգևորականի իդեալը Ստեփան Ասատրյանն է՝ նախկին Տեր Արամ քահանան. «Ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է»։
Կարգալույծ հռչակված քահանան սեպտեմբերին հրապարակային քննադատել էր եկեղեցական բարքերը, դրանք անվանել զազրելի, խոսել հոգևոր վերնախավի ճնշումների ու Սուրբ Գրքի եկեղեցական կանոնների խախտումների մասին։ Վերջին օրերին լրատվամիջոցների հետ շփումներում նախկին քահանան ստել էր երկու անգամ։ Նիկոլ Փաշինյանը, ենթադրաբար, տեղյակ չէ։ Նա դեռ երեկ էր հայտարարել՝ այս կիրակի գնալու է Հովաննավանք՝ Տեր Արամի մատուցած պատարագին։
Նախկին քահանան «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ հեռանալ չի պատրաստվում, Մայր Աթոռի որոշումը չի ընդունում, հորդորել էր այլ քայլեր չանել, այսինքն այլ քահանա չուղարկել. «Ես ձեզ զգուշացնում եմ, ես կատակ չեմ անում, և այն, ինչ որ այսքան ժամանակ եղել է, էլի կատակ չի եղել, և իրենք տեսնում են, որ ես կատակ չեմ անում, և շարունակության համար ասում եմ, որ զգույշ լինեն»։
Այսօր Ստեփան Ասատրյանը եկեղեցում չէր, երեկ, սակայն, մկրտություն էր անում կարգալուծության որոշումից հետո։
Տեր Արամի կամ Ստեփան Ասատրյանի հոգևոր ծառայակիցն է Տեր Սարգիսը, նույն Հովաննավանքում են. «Եթե մեկ օր գրեն, որ Տեր Սարգիս քահանա Սարգսյան այլևս պիտի կոչվի Գեղամ Սարգսյան, ես պիտի զրկվեմ որևէ բան կատարելու իրավունքից»։
Տեր Սարգսին նույնպես իրավապահները բերման էին ենթարկել ընդդիմության ցույցերին մասնակցելու պարտադրանքի վերաբերյալ քննվող քրեական գործով, որ այդպիսի բան եղել է, նախկին քահանա Տեր Արամն էր ասել հարցազրույցում, Տեր Սարգիսը այլ բան է ասում. «Ոչ, իհարկե, չեն հարկադրել։ Ես շատ ցույցերի եմ մասնակցել, քաղաքացիական ժամանակ էլ եմ գնացել։ Դա իմ իրավունքը չի՞»։
Այսօր վանքի տարածքում նկարահանման պահին Հովաննավանք եկավ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։ Նա նույնպես այստեղ քահանա էր նշանակվել, փորձել հոգևոր ծառայության անցնել, բայց կարգալույծ հռչակված Տեր Արամը պնդում էր՝ ժողովուրդը նրան չի ընդունում. «Ո՞նց կարող է քահանան իր ժողովրդի հետ խնդիր ունենա։ Կարո՞ղ է լինել այդպես։ Ես 20 տարվա օծյալ հոգևորական եմ, երբևէ որևէ մեկի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել»։
Ի վերջո ի՞նչ է տեղի ունենալու այս կիրակի, արդյոք Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագելո՞ւ է Ստեփան Ասատրյանը, կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան, որ եկեղեցական կանոնով իրավունք չունի որևէ ծիսակատարություն անել։ Կարգալույծության որոշումն, ի դեպ, հինգ արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից բաղկացած մարմինն է կայացրել։ Տեր Մանուկ քահանան ասաց՝ պատարագ լինելու է, պատարագ հողն ով կլինի, անհայտ է։
Այսօր Օհանավան գյուղի ու վանքի տարածքում մեծ մաքրություն էր վարչապետի մեծ գալստյանն ընդառաջ։ Եկեղեցուն հարակից հին գերեզմանոցը մաքրում էին աղբից, շտկում վանքի բակի սիզամարգը։ Գյուղում նաև բազմաթիվ ոստիկանների տեսանք։